Հայաստանում ժողովրդավարության ուղղությամբ փոփոխություն չկա

Հանդեսը անցած շաբաթվա վերջին նոր զեկույց է հրապարակել աշխարհի 165 երկրներում ժողովրդավարության վերաբերյալ, որտեղ Հայաստանը կրկին դասվել է հիբրիդային ռեժիմ ունեցողների շարքում։ Այս երկրներում, ըստ «Էկոնոմիստ»-ի պարզաբանման, ընտրությունները, որպես կանոն, ուղեկցվում են էական խախտումներով, կոռուպցիան գրեթե համատարած է, օրենքի իշխանությունն ու քաղաքացիական հասարակությունը՝ թույլ։ Նման ռեժիմներին բնորոշ են նաև լրագրողների նկատմամբ հալածանքները, դատական համակարգն անկախ չէ:

Ժողովրդավարության վերաբերյալ այս գնահատականը փորձագետները տալիս են՝ հաշվի առնելով հինգ հիմնական չափորոշիչ, այդ թվում՝ ընտրությունների արդարությունը, բազմակարծությունը, կառավարման արդյունավետությունն ու հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտում։

Ըստ այդմ՝ այս տարվա զեկույցում Հայաստանը այս հինգ չափորոշիչներով ստացել է նույն գնահատականները, ինչ նախորդ՝ 2010թ. 10-բալանոց համակարգով, մասնավորապես՝ կրկին միջինից ցածր՝ 3 ու մի փոքր ավելի միավոր են ստացել Հայաստանի կառավարման արդյունավետությունն ու քաղաքական մշակույթը, ամենաբարձրը գնահատվել է քաղաքացիական ազատությունների ոլորտը՝ գրեթե 6 միավոր։

Ի տարբերություն Հայաստանի, որն այս տարի որևէ տեղաշարժ չի արձանագրել, ԱՊՀ մի շարք պետություններում, այդ թվում՝ Ռուսաստանում ու Ադրբեջանում, հետընթաց է նկատվել։ Ռուսաստանը, որն անցած տարի դասվել էր Հայաստանի հետ նույն՝ հիբրիդային ռեժիմ ունեցող երկրների թվում, այժմ հայտնվել է ավտորիտարների կողքին, Ադրբեջանում հետընթաց է ապրել մամուլի ազատությունը։

Ընդհանուր առմամբ, 2011-ը «Էկոնոմիստ»-ը բնութագրել է որպես «աննախադեպ փոթորկումների տարի»՝ արաբական աշխարհում սկիզբ առած հեղափոխությունների պատճառով, և փաստել, որ այդ ալիքը կարող է տարածվել նաև աշխարհի մյուս հատվածներում։ Դրան, ըստ վերլուծաբանների, կարող են նպաստել մի քանի գործոններ, այդ թվում՝ ընտրությունների կեղծումը, շարունակական բնույթ կրող կոռուպցիան, ինչպես նաև ավտորիտար վարչակազմի կողմից իր իշխանությունը երկարաձգելու կամ ժառանգորդին փոխանցելու փորձը։

«Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայումս ԱՊՀ ավտորիտար վարչակազմ ունեցող երկրներում քաղաքական ազատությունների ավելի մեծ ծարավ կա, և որ Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցած զարգացումները դեռ կարող են իրենց ազդեցությունն ունենալ այս տարածաշրջանի վրա»,– նշված է զեկույցում: 

Մեկնաբանել