Սիրիայի ընդդիմությունը ՄԱԿ ԱԽ–ի արտակարգ նիստ է պահանջում

Վերջին տեղեկություններով, բռնությունների ալիքը ներկայում տարածվել է Թուրքիայի հետ սահմանային Ջաբալ ալ-Զավիա շրջանում: Իրավապաշտպանների տվյալներով, այստեղ երեքշաբթի օրը իշխանական զորքերը սպանել են 110 մարդու’ հիմնականում դասալիքների, որոնք անցել են ընդդիմության կողմը: Իդլիբ մարզից ստացվող տեղեկությունների համաձայն, նրանց մարտերը կառավարական ուժերի հետ չեն դադարում, իսկ վերջիններս անընդհատ հավելյալ ուժեր են ստանում:

Այսօր Սիրիա են ժամանում Արաբական լիգայի դիտորդները, և տարածաշրջանում իրադարձություններին հետևող լրագրողների կարծիքով, հենց դա է պատճառը, որ սիրիական իշխանությունները ցանկանում են «ավարտել անավարտ գործերը»: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն դիտորդները ազատ կլինեն երկրի տարածքում տեղաշարժվելու հարցում և կլինեն սիրիական իշխանությունների պաշտպանության տակ, սակայն հնարավորություն չեն ունենա այցելել գաղտնի ռազմական օբյեկտներ: