Թուրքիան սառեցնում է հարաբերությունները Ֆրանսիայի հետ

Էրդողանի խոսքով’ սա միայն առաջին փուլն է, և հնարավոր են նոր պատժամիջոցներ: Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները նախագահ Նիկոլյա Սարկոզիի նախընտրական քարոզարշավի և քաղաքական հաշվարկների զոհն են դարձել: Էրդողանի խոսքով’ Ֆրանսիայում նախընտրական քարոզարշավում կան նացիզմի, անջատողականության և իսլամաֆոբիայի տարրեր:Թուրքիայի վարչապետի կարծիքով’ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին և անուղղելի վնաս հասցնում երկու երկրների հարաբերություններին:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Անկարան պատրաստ է պատժամիջոցներ ներմուծել Փարիզի հանդեպ: Թուրքիան նաև սպառնում էր հետ կանչել իր դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն Ֆրանսիային սպառնացել էր պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ֆրանսիական սենատը հավանություն տա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևին: Դավութօղլուն նշել էր նաև, որ Ֆրանսիայում այդ օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան պատասխան քայլերի կդիմի և խորհրդարանի դիտարկմանը կառաջադրի օրինագիծ «1945թ. Ալժիրում Ֆրանսիայի գործած ցեղասպանության ճանաչման մասին, որի ժամանակ 45 000 տեղական բնակիչներ են զոհվել»:

ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուն իր հերթին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հնարավոր ընդունման համար և Փարիզի ու Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման «պատասխանատվությունը» բարդում է երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի վրա:

Հարկ է նաև նշել, որ Ադրբեջանը նույնպես հայտարարել է, որ բանաձևի ընդունումը բացասաբար կանդրադառնա Բաքվի և Փարիզի փոխհարաբերությունների վրա: