Ֆուտբոլի եվրոպական առաջնությունները թափ են հավաքում

Ավանդույթի համաձայն՝ Boxing days կոչվող ժամանակահատվածը ծանր ստացվեց անգամ առաջատար թիմերի համար: Այն հատկապես անհաջող էր «Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստների համար, որոնք ոչ միայն երեք միավորով հետ մնացին մրցաշարային աղյուսակը գլխավորող իրենց համաքաղաքացիներից, այլև թույլ տվեցին Լոնդոնի «Տոտենհեմ»-ին կորցրած միավորներով հավասարվել իրենց: Ալեքս Ֆերգյուսոնի սաների համար 2012թ. անհաջող մեկնարկն ինչ-որ տեղ փոխհատուցվեց մանչեսթրյան դերբիում տարած ծանր հաղթանակով՝ Անգլիայի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակչում:

Սկզբունքային մեկ այլ հանդիպում տեղի ունեցավ Պիրենեյան թերակղզում: Բարսելոնյան դերբիի շրջանակում «Կորնելյա էլ Պրատ» մարզադաշտում «Էսպանյոլ»-ը կարողացավ ոչ-ոքի խաղալ «Բարսելոնա»-ի հետ, ինչը թույլ տվեց Մադրիդի «Ռեալ»-ին Պեպ Գվարդիոլայի սաների նկատմամբ առավելությունը հասցնել հինգ միավորի:

Վերսկսվել է նաև Իտալիայի առաջնությունը: Շաբաթ և կիրակի օրերին տեղի ունեցած 17-րդ տուրի հանդիպումներում հաղթանակներ տարան առաջատար թիմերը՝ բացի «Լացիո»-ից: Տպավորիչ ելույթ ունեցավ Միլանի «Ինտեր»-ը, որը սեփական հարկի տակ՝ «Ջուզեպպե Մեացա» մարզադաշտում, հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Պարմա»-ի դարպասը:

Մեկնաբանել