Երեք անգամ անընդմեջ

ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչների, ավագների, ինչպես նաև «Ֆրանս ֆուտբոլ» շաբաթաթերթի կողմից ընտրված լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև անցկացված հարցման արդյունքում Լեոն առաջ անցավ համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած պորտուգալացի Կրիշտիանո Ռոնալդուից և իր թիմակից իսպանացի Խավիից:

2011թ. «Բարսելոնա»-ի հետ նվաճելով խաղարկված 6 տիտղոսներից 5-ը՝ աշխարհի լավագույն մարզչի տիտղոսին արժանացավ կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

Մրցանակներ հանձնվեցին նաև կանանց ֆուտբոլի ներկայացուցիչներին: 2011թ. կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Նորիո Սասակին ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ, իսկ թիմի առաջատար Օմարե Սավան, դառնալով 2011թ. լավագույն կին ֆուտբոլիստը, կարողացավ վերջապես ընդհատել բրազիլուհի Մարթայի գերիշխանությունը կանանց ֆուտբոլում:

2011թ. լավագույն գոլ ճանաչվեց բրազիլացի Նեյմարի խփած գնդակը «Ֆլամենգո»-ի դարպասը Բրազիլիայի առաջնության շրջանակներում։ ՖԻՖԱ-ի «Արդար խաղ»-ի մրցանակն այս անգամ հանձնվեց Ճապոնիայի ֆուտբոլի ֆեդերացիային: «Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնն արդեն 25 տարի զբաղեցնող Ալեքս Ֆերգյուսոնը ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի կողմից արժանացավ կազմակերպության «Նախագահական մրցանակ»-ին:

Մրցանակների հանձնման արարողության ընթացքում հայտնի դարձավ նաև 2011թ. աշխարհի խորհրդանշական հավաքականի կազմը, որի քվեարկությանը մասնակցել էին 50000 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ: Այն ունի հետևյալ տեսքը՝ Իկեր Կասիլյաս, Դանի Ալվեշ, Խերարդ Պիկե, Նեմանյա Վիդիչ, Սերխիո Ռամոս – Խաբի Ալոնսո, Խավի, Անդրես Ինիեստա – Լիոնել Մեսսի, Կրիշտիանո Ռոնալդու, Ուեյն Ռունի:

Խորհրդանշական հավաքականում ընդգրկված են «Բարսելոնա»-ի 5, Մադրիդի «Ռեալ»-ի 4, «Մանչեսթր Յունայթեդ»-ի 2 ֆուտբոլիստներ: Ինչ վերաբերում է ազգային հավաքականներին, ապա առավել մեծ թիվ են կազմում Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ազգային թիմի ֆուտբոլիստները՝ թվով վեցը:

Մեկնաբանել