Գնաճը դուրս է եկել զբոսանքի

ԱՎԾ-ի կողմից 2011թ. «ապահովված» թիրախային գնաճը (4,7%) իրեն զգացնել տվեց արդեն այս տարվա հունվարին։ 2011թ. դեկտեմբերի համեմատ այս տարվա հունվարին 2005-ից այս կողմ արձանագրվել է ամենաբարձր ամսական գնաճը՝ 3,6%։ Նույնիսկ 2011թ. հունվարին, երբ առկա էին բարձր գնաճային ճնշումներ (2010թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել էր 9,4%), ամսական գնաճը նույնիսկ ճշգրտելուց հետո կազմել էր 3,4% (2011թ. հունվարյան հրապարակման համաձայն՝ այն կազմում էր 2,8%)։

Իհարկե, այս տարվա հունվարին 12-ամսյա գնաճը եղել է թիրախային ցուցանիշի (4±1,5%) շրջանակում՝ 4,8%, ինչն ըստ էության ԱՎԾ-ի թվաբանության արդյունքն է։

Անցած տարի Կառավարության ողջ հարկաբյուջետային և Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականություններն ուղղված էին տարեսկզբին արձանագրված երկնիշ գնաճը (10,6%) տարեվերջին 4±1,5% թիրախային միջակայք բերելուն։ Երբ պարզ դարձավ, որ դրամական գործիքները ցածր արդյունավետ են Հայաստանում, օգնության հասավ ԱՎԾ-ն։ Վիճակագիրները կարողացան նոյեմբերի համեմատ դեկտեմբերին սպառողական գների 2,5% աճի պայմաններում անել այնպես, որ դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նոյեմբերի նույնանման ցուցանիշից 0,1-տոկոսային կետով ցածր ստացվեր և կազմեր 4,7%։

Որ անցած տարի գնաճը մնաց թիրախային միջակայքում, ընդամենը թվաբանության և մեթոդաբանության արդյունք էր և չէր արտացոլում իրական պատկերը: Նման պայմաններում այս հունվարին արդեն թվաբանական շեղումն անխուսափելիորեն պետք է երևար։ Խնդիրն այն է, որ Հայաստանում ԱՎԾ-ն, ըստ գործող մեթոդաբանության, գների վերջին դիտարկումը կատարել էր դեկտեմբերին 20-ին, մինչդեռ գներն առավել բարձրանում են դեկտեմբերի վերջին տասնօրյակում։

Այս տարվա հունվարին արձանագրված բարձր գնաճը դեկտեմբերին վիճակագիրների թույլ տված շեղման հետևանքն է։ «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2012թ. հունվարին» հրապարակման մեջ նշվում է, որ ըստ գործող մեթոդաբանության՝ Հայաստանում (հունվարի գնաճի համար) գների դիտարկումը կատարվել է 2011թ. դեկտեմբերի 30-ին, 2012թ. հունվարի 10-ին և 20-ին Երևանում և հանրապետության մարզերի 11 բնակավայրերում 470 անվանում ապրանք-ծառայությունների գծով:

Այս նույն մեթոդաբանությամբ ԱՎԾ-ն աշխատում է արդեն մի քանի տարի: Պարզապես խնդիրն այն է, որ անցած տարի որոշվել էր դեկտեմբերյան գների աճի զգալի մասը տեղափոխել մյուս տարի։

Մեթոդաբանության թերությունը և ԱՎԾ-ի ջանասիրությունը Կառավարության համար անցած տարի ապահովել է թիրախային գնաճ, իսկ հունվարի վերջին՝ յոթ տարիների ընթացքում ամենաբարձր ամսական գնաճը։

Մեկնաբանել