ԲՀԿ-ն առիթ չունի Սերժ Սարգսյանին չսատարելու

«Պարզապես առիթ չունենք չսատարելու: Եթե դուք նկատում եք, ես միշտ ձեռնպահ եմ մնում իմ ղեկավարի անունից խոսել, բայց բոլոր դեպքերում ես հասկանում եմ, որ մենք ունենք փաստաթուղթ, իսկ մենք միշտ հարազատ ենք մեր կողմից ստորագրված փաստաթղթերին»,– ասել է Բոստանջյանը:

Նախօրեին նախագահի նստավայրում տեղի էր ունեցել նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և «Օրինաց երկիր»-ի (ՕԵԿ) ղեկավար Արթուր Բաղդասարյանի հանդիպումը, որի ընթացքում կոալիցիոն ուժերի ղեկավարները քննարկել էին մայիսին կայանալիք ընտրությունների հետ կապված հարցեր:

Հարցին, թե արդյոք ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը բարձրացրել է վերջին շրջանում իր կուսակցության նկատմամբ իրականացվող ճնշումների մասին հարցը, Բոստանջյանը պատասխանել է, թե կոալիցիոն ուժերի ղեկավարներն այդ հանդիպման միջոցով պարզապես փորձել են թուլացնել գոյություն ունեցող լարվածությունը: «Խոսակցություններ գնացել են այն մասին, որ, ինչպես մամուլն է ասում, հրաձգություններ, ճնշումներ և այլն, դրանք այդպես չորակվեն կամ այդպիսին չլինեն»,– ասել է Բոստանջյանը:

Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ կոալիցիոն ուժերը խորհրդարանական ընտրություններից առաջ նոր հուշագիր ստորագրեն, ԲՀԿ-ական պատգամավորն ասել է, թե ներկայում նոր փաստաթղթի կարիք չկա, բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի, այն ուղղված կլինի երկրի կայունության պահպանմանը: Նա վստահեցրել է, թե այսօր իշխող Հանրապետականի և «Բարգավաճ Հայաստան»-ի միջև վստահության պակաս չկա, ավելին՝ ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն անգամ փոխհամաձայնեցված կարգով կառաջադրեն իրենց մեծամասնական թեկնածուներին:

«Վստահության դեֆիցիտ ընդհանրապես գոյություն չունի, երկուսն էլ ունեն մեկ նպատակ, այն է՝ մեր երկիրը տեսնել բարգավաճ»,– ասել է նա:

Բոստանջյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներին, որի մասին խոսել էր նաև անձամբ ինքը, հայտարարել է, թե ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներ չկան: ԲՀԿ-ական պատգամավորն պնդել է, թե ինքը ճնշումների մասին չի էլ խոսել:

Մեկնաբանել