Քաղծառայողների սոցիալական փաթեթը տարեկան կկազմի 132 հազար դրամ

Սոցիալական փաթեթի ներդրումը հնարավորություն է ստեղծում շուրջ 120 հազար աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար օգտվել մի շարք սոցիալական արտոնություններից:

Փաթեթն իր մեջ ներառում է բժշկական ապահովագրություն, հիպոթեքային վարկի ամսական վճարի մարում, կրթության նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար, ինչպես նաև փաթեթից օգտվողների հանգստի կազմակերպում ՀՀ-ում և ԼՂՀ-ում: Բժշկական ապահովագրության տրամադրումն էլ ենթադրում է տարին մեկ անգամվա պրոֆիլակտիկ զննում:

Մեկ անձի համար մեկ տարվա կտրվածքով բժշկական ապահովագրության չափը կկազմի 3 մլն 800 հազար դրամ: «Այս գումարի շրջանակներում ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի սուր, անհետաձգելի և պլանային մի շարք բժշկական ծառայություններ»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:

Կադրերի ռեզերվում գտնվող անձանց, տվյալ մարմնում վեց ամսից պակաս աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցների, կես դրույքից պակաս ծանրաբեռնվածությամբ անձանց, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա այս փաթեթը չի տարածվում:

Յուրաքանչյուր աշխատակցին փաթեթով նախատեսված գումարը 132 հազար դրամ է տարեկան կտրվածքով:

«Սոցիալական փաթեթի նպատական է բարձրացնել աշխատանքի գրավչությունը, արդյունավետությունը, մեղմել կադրերի արտահոսքը և նպաստել աշխատակիցների սոցիալական վիճակի բարելավմանը»,- ամփոփեց ֆինանսների նախարարը:

Մեկնաբանել