Եվրոպան բոյկոտում է կակաոն

Կոտ դ’Իվուարը արտահանողներին հավատ չի ներշնչում

Կակաո արտահանողները մերժել են Կոտ դ’Իվուարի իշխանությունների առաջարկը՝ մասնակցելու կակաոյի մատակարարումների վաճառքի աճուրդին, գրում է բրիտանական The Financial Times-ը։ Արտահանողները չեն ցանկացել ռիսկի դիմել, քանի որ Կոտ դ’Իվուարի կառավարությունում կակաոյի գնագոյացման շուրջ միասնական դիրքորոշում չկա։ Այս լուրերի ֆոնին ապրանքատեսակի մարտյան ֆյուչերսները թանկացել են $32-ով՝ մինչև $2312/տ։

Շուկայի մասնակիցները չեն հավատում կակաոյի արտադրության ոլորտում Կոտ դ’Իվուարի նախաձեռնած բարեփոխումների հաջողությանը, այդ իսկ պատճառով խուսափում են ապրանքատեսակի ֆյուչերսների գնումից, գրել է բրիտանական պարբերականը։

Աբիջանում Եվրոպական արտահանման տան (European export house) տնօրենը Reuters-ին ասել է, որ գնորդները կակաոյի ֆյուչերսների գնման որևէ առաջարկ չեն անի, մինչև վստահ չլինեն, որ առևտրային սխեմաները Կոտ դ’Իվուարի հետ թափանցիկ են։ Շուկայի տեղական կարգավորչի՝ Comite de gestion de la filiere cafe-cacao-ի (CGFCC) ղեկավար Էրիկ Կոֆին հայտարարել է, որ առևտրաշրջանի ընթացքում մի քանի առաջարկ այդուհանդերձ եղել է, և իրենք գոհ են արդյունքներից։ Ամեն դեպքում նա հրաժարվել է մանրամասնել վաճառքի ծավալները։

Կակաոյի արտադրությունը Կոտ դ’Իվուարի եկամուտների հիմնական աղբյուրն է։ Երկրին բաժին է ընկնում կակաոյի համաշխարհային արտադրության շուրջ 40%-ը։

Վերջին շրջանում կակաոյի համաշխարհային գների վրա մեծապես ազդել են Եվրոպայի պարտքային ճգնաժամը և Կոտ դ’Իվուարում ռեկորդային բերքի մասին լուրերը։ 2011թ. հոկտեմբերին միջմայրցամաքային ICE բորսայում կակաոյի գները նվազել են մինչև $2213/տ, ինչն ամենացածր գինն էր 2008թ. վերջից ի վեր։ Անցած ամսվա վերջին Աֆրիկայից կակաոյի մատակարարումների խոշոր ծավալների ակնկալիքների ֆոնին այս ապրանքատեսակի ֆյուչերսներն արժեզրկվել են 5%-ով։

Մեկնաբանել