Առանց չափորոշիչների

Ուշագրավն այն է, սակայն, որ որևէ խոսք չկա կարևորագույն մի ցուցանիշի՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մասին, որից պարզ կլինի, թե ռազմավարության իրականացման արդյունքում ինչ փոփոխություններ կկրի այդ ցուցանիշը:

Դասագրքային սահմանմամբ՝ հարկային վարչարարությունը պետք է հիմնվի արդյունավետ հարկային համակարգի կառուցման հիմունքների վրա։ Այսինքն՝ գանձման նվազագույն ծախքերի և հարկային վերահսկողության պայմաններում ապահովի հարկերի առավելագույն մուտքեր։ Հարկային վարչարարության արդյունավետության գնահատման չափանիշներից մեկը հարկերի հավաքագրումն է, նվազագույն վարչական ծախսերը։ Այլ կերպ ասած՝ կարևոր է իմանալ, թե մեկ միավոր հարկի հավաքագրման համար որքան վարչական ծախս է կատարվում:

Հայաստանի նման երկրում, որտեղ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը ամենացածրն է տարածաշրջանում (2012թ. կազմելու է 17,36%), հարկային վարչարարության արդյունավետության բնութագրող ցուցանիշը պետք է լինի հենց հարկահավաքման մակարդակը։ Վրաստանում, օրինակ, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 24,9%, Թուրքիայում՝ 23,5%, Ռուսաստանում՝ 28,2% (իսկ առանց նավթային հարկերի՝ 22,1%), Մոլդովայում՝ 31%, Իռլանդիայում՝ 44%։ Ակնհայտ է, որ Հայաստանում ստվերի կրճատման և հարկահավաքման աճի մեծ տեղ կա: ՊԵԿ-ը, սակայն, կարծես չի ուզում կարևորել այդ հանգամանքը:

Հարկային վարչարարության ռազմավարության նախագծով՝ առաջիկա երեք տարիներին ՊԵԿ-ը ունենալու է չորս նպատակ. 1) հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացում, 2) հարկային մարմնի բիզնես գործընթացների վերակազմակերպում, 3) հսկողական տարբեր գործառույթների վերափոխում, 4) ՊԵԿ-ի աշխատակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացում։

Փաստաթղթում մանրամասն նշված են բոլոր չորս նպատակների իրականացման արդյունքում սպասելիքները, ընդ որում՝ թվային արտահայտությամբ, բայց նշված չէ, թե ինչ է լինելու հարկահավաքման մակարդակի հետ։ Օրինակ՝ հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումը, ըստ ՊԵԿ-ի, կհանգեցնի հարկերի կամավոր վճարման սկզբունքի արմատավորմանը, հնարավորություն կընձեռի հարկային մարմնին նվազագույն կերպով միջամտել հարկերի հաշվարկման, վճարման պրոցեսին, կօգնի հնարավորինս խուսափել այլ մեթոդներով հարկ վճարողի հարկային պարտավորությունների հաշվարկման անհրաժեշտությունից:

ՊԵԿ-ում նույնիսկ ծրագրել են, որ իրականացվող միջոցառումների արդյունքում իրենց ինտերնետային կայքից օգտվողների թիվը և գոհունակությունը սկսած 2013-ից աճելու է առնվազն 20%-ով: Ռազմավարությունը նախատեսում է, որ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների մեկ ստուգման արդյունքում հայտնաբերող գումարները 2013թ. և 2014թ. կաճեն 3,5%-ով, իսկ հարկային ծառայողների համար կազմակերպվելիք ուսուցման ծրագրերը յուրաքանչյուր տարի կավելանան 20%-ով, և յուրաքանչյուր տարի հարկ վճարողների համար կկազմակերպվի 12 դասընթաց։

Ռիսկեր

ՊԵԿ-ը չի մոռացել նշել, որ Հարկային վարչարարության ռազմավարության հաջող իրականացումը կարող է նաև խոչընդոտներ ունենալ։ Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ ռիսկերից է 2012-2014 թթ. հարկային մարմնի գործունեության միջավայրի փոփոխությունը, որում կարող է ազդեցություն ունենալ քաղաքական գործոնը։ «Տնտեսական իրավիճակի փոփոխությունը կարող է ուղղակիորեն ազդել բարեփոխումների ընթացքի վրա և պատճառ հանդիսանալ մի շարք քայլերի հետաձգման կամ ընդհանրապես չկատարման համար»,– նշված է ՊԵԿ-ի փաստաթղթում։

Բացի այդ, ըստ ՊԵԿ-ի, հարկային բարեփոխումների շարունակական և հաջող իրականացման համար ռիսկի կարևորագույն գործոն կարող է լինել անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների ոչ ժամանակին և ամբողջական հատկացումը:

Թե որքան միջոցներ կպահանջվի 36-էջանոց փաստաթուղթը կյանքի կոչելու համար, ՊԵԿ-ը չի նշում։

Փաստացի, չունենալով ակնկալվող հարկահավաքման մակարդակի ցուցանիշը, վարչարարության համար անհրաժեշտ ծախսերը, հնարավոր չէ գնահատել այս ռազմավարության արդյունավետության աստիճանը։ Չնայած ՊԵԿ-ը գնահատման սեփական մեթոդն է առաջարկել, ըստ որի՝ եթե նպատակից բխող խնդրի 80%-ից ավելին ըստ իրենց կատարողական ցուցանիշների չափվել ու գնահատվել է որպես կատարված, ռազմավարության կատարումը կգնահատվի «բարձր», իսկ եթե մինչև 50%, ուրեմն՝ «ցածր»:

Մեկնաբանել