Ամերիկացիները խճճվել են

Համաձայն Reuters-ի և Ipsos-ի համատեղ հարցման՝ մասնակիցների 56%-ը հայտարարել է Իրանի դեմ ռազմական ակցիան պաշտպանելու պատրաստակամության մասին՝ իրանական միջուկային ծրագրի ռազմական բնույթը մատնանշող ապացույցների առկայության դեպքում։ Դեմ է արտահայտվել հարցվածների 39%-ը։

Հարցին, թե կողմ կլինեն արդյոք նրանք Իրանին ռազմական հարված հասցնելուն, եթե դա հանգեցնի բենզինի գների բարձրացմանը, ամերիկացիների 53%-ը դրական է պատասխանել, 42%-ը՝ բացասական։ Ընդ որում՝ ԱՄՆ-ի քաղաքացիների զգալի մասը՝ 62%-ը, հայտարարել է, որ կպաշտպանի իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծումը Իսրայելի կողմից։

Հետաքրքրական է, որ World Public Opinion անկախ կազմակերպության և Մերիլենդի համալսարանի հարցման տվյալները միանգամայն այլ բան են վկայում՝ ամերիկացիների մեծ մասը չի պաշտպանում Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունները։

Այսպես. հարցվածների 69%-ը կարծում է, որ ԱՄՆ-ը դաշնակիցների հետ պետք է շարունակի դիվանագիտական ճնշումը Թեհրանի վրա։ Անգամ Հանրապետական կուսակցության համախոհների մեծամասնությունն (58%) է դեմ ԱՄՆ-ի մասնակցությանը հնարավոր ռազմական գործողություններին։

Հարցվածների 49%-ը կարծում է, որ եթե Իսրայելը ռմբակոծի Իրանի միջուկային օբյեկտները, ԱՄՆ-ը պետք է չեզոքություն պահպանի։ Ամերիկացիների 25%-ը վստահ է, որ այդ դեպքում հարկ է ռազմական օգնություն ցուցաբերել Թել Ավիվին, 14%-ը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է սահմանափակվի միայն դիվանագիտական աջակցությամբ։

«Պատճառներից մեկը, թե ինչու ամերիկացիները չեն ողջունում Իսրայելի հնարավոր հարձակումը իրանական օբյեկտների վրա, համոզմունքն է, որ այդ միջոցառումները արդյունավետ չեն լինի»,– ասում է World Public Opinion-ի տնօրեն Սթիվեն Կուլը։ Ամերիկացիների միայն 18%-ն է հավատացած, որ ռմբակոծությունը Թեհրանի միջուկային ծրագիրը կհետաձգի հինգ և ավելի տարով։

Նշենք, որ առաջին հարցումն իրականացվել է մարտի 8-11-ը, հարցմանը մասնակցել է 1084 ամերիկացի։ Երկրորդ հարցումն անցկացվել է 727 մարդու շրջանում մարտի 3-7-ը։ Վիճակագրական սխալի հնարավորությունը երկու դեպքում էլ մինչև 4,5% է։

Մեկնաբանել