Իրաք. ինը տարի անց

Իրաքի կառավարության գնահատմամբ՝ պատերազմի հետևանքով երկրում ոչնչացված ենթակառուցվածքների վերականգնման համար կպահանջվի շուրջ կես տրիլիոն դոլար։ Պենտագոնի տվյալների համաձայն՝ անցած ինը տարիների ընթացքում Իրաքում զինվորական ծառայություն է անցել ամերիկյան բանակի ավելի քան 1,5 մլն զինվորական, որից 4484-ը մահացել է, իսկ 30 հազ-ից ավելին՝ վիրավորվել։ Խաղաղ բնակչության շրջանում զոհվածների թիվը ավելի քան 60 հազ. է։ Ըստ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների համար ԱՄՆ-ի բյուջեից ծախսվել է շուրջ $1 տրլն։

Չնայած այս ամենին՝ դեռ վաղ է Իրաքում կայունության մասին խոսել։ «Կոշտ պայքար է ընթանում իշխանության համար։ Ակտիվացել են ինչպես շիա, այնպես էլ սուննի ծայրահեղականները, որոնք էլ հենց ահաբեկչությունների կազմակերպիչներն են։ Այս ամենից քաղաքացիական պատերազմի հոտ է գալիս, ինչպես 2006-2007 թթ., երբ միայն մեկ օրում 300 մարդ էր զոհվում»,– ֆրանսիացի փորձագետ, ռազմական լրագրող Աննա Նիվայի խոսքը մեջբերում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը։

Իշխանությունն այսօր մասնակի կաթվածահար վիճակում է, ինչը պայմանավորված է նաև 2010թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, երբ հիմնականում սուննի ու աշխարհիկ ուժերը ներկայացնող «Ալ Իրաքիա» բլոկը ստացավ ձայների մեծամասնությունը։ «Վարչապետ Նուրի ալ Մալիքին, սակայն, չցանկացավ կիսել իշխանությունը։ Նա կոալիցիոն կառավարություն ձևավորեց, որտեղ «Ալ Իրաքիա»-ն ընդհանրապես ներկայացված չէր։

Սրան ի պատասխան՝ բլոկի առաջնորդները բոյկոտեցին պառլամենտը, որն ի վերջո անգործունակ դարձավ։ Հետևապես՝ այս պայմաններում իշխանությունների համար ծայրահեղականների դեմ պայքարը առաջնահերթ նպատակ չէ»,– նշել է փորձագետը՝ քիչ հավանական համարելով Իրաքի՝ սուննիական, շիական և քրդական պետությունների տրոհման հեռանկարը։

«Մալիքին, այդուհանդերձ, բավական ուշագրավ էվոլյուցիա է ապրել՝ ամերիկյան խամաճիկից վերածվելով այն աստիճան ինքնուրույն քաղաքական գործչի, որ անգամ ամերիկացիները չգիտեն՝ ինչ ակնկալել Մալիքիից»,– արձանագրում է Աննա Նիվան։

Նշենք, որ 2003թ. մարտի 20-ին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների՝ Իրաք ներխուժումը պատճառաբանվում էր Սադամ Հուսեյնի՝ զանգվածային ոչնչացման զենքի տիրապետմամբ։ ԱՄՆ-ը իր զորքերը Իրաքից դուրս բերեց անցած տարվա դեկտեմբերին։

Մեկնաբանել