Մնալ ջրի երեսին

Նախընտրական Հայաստանում քաղաքական ուժերի ու գործիչների գործողություններն օրեցօր դուրս են գալիս առողջ տրամաբանության շրջանակից: Դեռ մեկ ամիս առաջ կառավարությունը որոշեց ներել տեղական ինքնակառավարման մարմիններին գույքահարկի և հողահարկի գծով քաղաքացիների ապառքներն ու հաշվարկված տույժերը, ընդհանուր առմամբ՝ 43 մլրդ դրամ: («Օրակարգ»-ը կառավարության այդ քայլը որակել էր «Ընտրակաշառք-2012» (թիվ 28, 24.02.2012)):

Շաբաթ օրը Գյուղատնտեսության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ նախարար «Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել հանրապետության կաթի մթերման և վերամշակման խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու կաթի մթերման գնի իջեցման վերաբերյալ վերջին շրջանում նախարարության «թեժ գծով», ինչպես նաև այլ աղբյուրներով ստացվող ահազանգերի ու դժգոհությունների իրական հիմքերը, արտադրողների և մթերողների հարաբերությունների կանոնակարգման խնդիրները»։

«Մեր հանդիպման նպատակը շահավետ և ընդունելի պայմանավորվածության ձեռքբերումն է՝ կաթի գնի նվազում թույլ չտալու համար»,– ըստ հաղորդագրության՝ ասել է գյուղնախարարը:

Երևի կարիք չկա պարոն գյուղնախարարին և ընդհանրապես կառավարությանը հիշեցնել, որ դեռ 1990-ականների սկզբին Հայաստանն անցում է կատարել ազատ շուկայական տնտեսության, որտեղ ապրանքի գինը կամ դրա վարքագիծը որոշվում է ոչ թե նախարարի կաբինետում, այլ շուկայում՝ առաջարկի և պահանջարկի օրենքով:

Որ գյուղացին և ընդհանրապես գյուղոլորտը պետական աջակցության կարիք ունեն, քննարկման առարկա չէ: Կառավարությունն այդ աջակցությունը գյուղատնտեսությանը տրամադրում է կոնկրետ ոլորտների և գործունեությունների սուբսիդավորման միջոցով։ Քիչ է, թե շատ այդ սուբսիդավորումը՝ այլ թեմա է:

Սակայն միանշանակ է, որ չինովնիկը չի կարող բիզնեսին գին թելադրել և անընդունելի համարել որևէ ապրանքի գնի բարձրացում կամ իջեցում, որքան էլ դա բարեհունչ լինի պոտենցիալ ընտրող գյուղացու ականջին: «Օրինաց երկիր»-ում հանգրվանած նախարարը, սակայն, խնդիր ունի այդ կուսակցության համար իր ներածին չափով ձայներ ապահովել՝ թեկուզև պարզունակ պոպուլիզմով:

Ինչպես ՕԵԿ մյուս նախարարները (Մանուկ Վարդանյան, Արմեն Երիցյան), որոնք նախարար դառնալու համար մեկ օրում դարձան ՕԵԿ-ական, գյուղնախարարը ևս խնդիր ունի հանուն պաշտոնի՝ ջրի երեսին պահել այս կուսակցությունը: Արդյոք ընդհանրապես ջանք պե՞տք է այդ կուսակցությանը ջրի երեսին մնալու համար՝ ուրիշ քննարկման հարց է:

Մեկնաբանել