Ահա ձեզ ստվեր՝ գնացե՛ք, կրճատե՛ք

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ երեկ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ: Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ վարչապետը նշել է. «Նախորդ տարի վեց քայլով առաջընթաց արձանագրեցինք մեր վարկանշային ցուցանիշներով: Կարևոր է, որ մեր իրականացրած հինգ բարեփոխումները գնահատվել էին որպես հաջողված. մեծածավալ բարեփոխումների իրականացմամբ միակն էինք այդ ցուցակում: Վեց քայլ առաջ գնալով՝ 61-րդ տեղից տեղափոխվել ենք 55-րդ տեղ: Պետք է նոր թափ հաղորդենք մեր աշխատանքներին, որպեսզի նաև հաշվետու տարում հաջողություններ ունենանք»:Մարտի սկզբին Համաշխարհային բանկի կողմից հրապարակված Doing Business–2012 զեկույցում նշվում էր, որ Հայաստանը պարզեցրել է ընկերություն ստեղծելու, այն հարկային մարմիններում հաշվառելու գործընթացը, ներդրել է ընկերությունների օնլայն գրանցման և էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնելու համակարգ, բարելավել է վարկային ինֆորմացիոն համակարգը, հեշտացրել շինարարության թույլտվություն ստանալը և այլն։

Որ կառավարությունում փորձում են բարելավել Հայաստանի դիրքը Doing Business զեկույցում, իհարկե գովելի է: Սակայն գայթակղությունը մեծ է, որ կատարվող փոփոխություններն ավելի շատ կոսմետիկ լինեն, քան խորքային, որովհետև Հայաստանում առաջին հերթին պետք է բարելավել բիզնես վարելու և ոչ թե բացելու գործընթացը:

Հակառակ պարագայում կառավարությունը ստիպված է լինելու «բարելավել բիզնես փակելու գործընթացները»: Այո՛, առաջին հերթին պետք է աշխատել, որ եղած բիզնեսները չփակվեն: Իսկ դա նշանակում է, որ կառավարությունը պետք է հավասար հնարավորություններ ստեղծի բոլորի համար՝ և՛ մանր ու միջին, և՛ խոշոր; պայքարի ստվերի դեմ (որը իշխանության վերարտադրման գրավականն է); թույլ չտա, որ մաքսավորը ներկրող լինի (կամ հակառակը)… շարքը երկար կարելի է շարունակել:

2011թ. հրապարակված խոշոր հարկատուների ցուցակում (չասենք՝ ում) «Ալեքս Գրիգ» ընկերությունը վճարել է Դ17,7 մլրդ հարկ, որի 95%-ը անուղղակի հարկերն են, այսինքն՝ հարկեր, որոնք ըստ էության վերջնական սպառողն է վճարում: Ուղղակի հարկերը ընդամենը 5%-ն են, ընդ որում՝ դրա մեջ ներառված են աշխատակիցների եկամտահարկերը:

Ահա Ձեզ ստվեր՝ գնացե՛ք, կրճատե՛ք…

Մեկնաբանել