ՄԻՊ-ն սկսել է հրապարակել իր տարեկան զեկույցի բաժինները, որտեղ անդրադառնում է առանձին գերատեսչությունների աշխատանքներին։ Այսպես՝ ՄԻՊ-ն արձանագրել է, որ Պետեկամուտների կոմիտեում անցկացված ստուգումները ցույց են տվել, որ առանձին դեպքերում ՊԵԿ-ի աշխատակիցները հարկ վճարողների ներկայացրած հաշվարկների ու հաշվետվությունների վերլուծություններն ու ուսումնասիրությունները չեն կատարել ժամանակին և պատշաճ։
Տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում օմբուդսմենն արձանագրել է, որ 2011թ. մի շարք ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ խոչընդոտել են այլ տնտեսավարողների մուտքն այդ շուկաներ:
ՊԵԿ-ի գործունեությունը ուսումնասիրելիս ՄԻՊ-ը հայտնաբերել է, որ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը պատշաճ ձևով ներկայացված չեն եղել մաքսային արժեքի վրա ազդեցություն ունեցող և ավտոմեքենայի վրա տեղադրված լրացուցիչ պահեստամասերի արժեքները: Համակարգի աշխատանքներում դեռևս համատարած հաստատված չի եղել վարքագծի կանոնների լիարժեք պահպանումը հարկային և մաքսային ծառայողների կողմից:
Ըստ օմբուդսմենի՝ մաքսային միջնորդների և տնտեսավարող սուբյեկտների համար տարեկան կտրվածքով կազմակերպվել է հայտարարագրերի ներկայացման ուսուցման ընդամենը երկու կամ երեք դասընթաց: «Արդյունքում դեռևս ցածր է տնտեսավարող սուբյեկտների կողմից ինքնահայտարարագրման մակարդակը, մինչդեռ մեծ է մաքսային միջնորդների կողմից ներկայացված հայտարարագրերի քանակը: Նման իրավիճակում մաքսային միջնորդների կողմից սահմանված բարձր սակագները լրացուցիչ տնտեսական բեռ են հանդիսացել տնտեսավարող սուբյեկտների համար»,– նշված է զեկույցում:
Օմբուդսմենն արձանագրել է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն (06.12.2011թ.) ընդունվել են հապճեպ և առանց հանրային քննարկման։ ՊԵԿ-ն իր իրավասությունների շրջանակում անհրաժեշտ հետևողականություն չի ցուցաբերել նշված հարկային օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների նախագծերի հանրային քննարկումներ անցկացնելու և դրանք ողջամիտ ժամկետում կիրառելու հարցում:
Անդրեասյանը ՊԵԿ-ում նաև դրական տեղաշարժեր է արձանագրել, մասնավորապես՝ հարկային և մաքսային հսկողության բնագավառում համատարած ստուգումներից ամբողջական անցում է կատարվել ռիսկային չափանիշների հիման վրա ստուգումների համակարգի, քայլեր են ձեռնարկվել հնարավորինս բացառելու հարկատու-տեսուչ շփումը։
Տուգանքը մրցակցության հետ կապ չունի
Տնտեսական մրցակցության ոլորտում օմբուդսմենն արձանագրել է, որ թեև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի անցած տարվա փոփոխությունները ՏՄՊՊՀ-ին առավել արդյունավետ աշխատելու հնարավորություններ են տվել, մրցակցության ապահովման մակարդակը Հայաստանում դեռ բավարար չէ:
Ըստ զեկույցի՝ չնայած 2011թ. ՏՄՊՊՀ-ի կողմից տնտեսավարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու որոշումները նախորդ տարվա համեմատ աճել են մոտ կրկնակի, և արդյունքում ՀՀ պետբյուջե մուծված գումարներն աճել են մոտ 6 անգամ, հանձնաժողովի կողմից համապատասխան դեպքերում ձեռնարկված միջոցները չեն արտացոլել տարբեր ապրանքային շուկաներում գոյություն ունեցող մրցակցային օրենսդրության խախտման դեպքերի իրական պատկերը և բավարար չափով չեն ազդել երկրում տնտեսական մրցակցության պաշտպանության վիճակի վրա:
Շաբոյանն ինքնագովեստի տեղ չունի
Փաստորեն, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի կողմից անցած տարի հպարտությամբ նշվող փաստերը, որ, օրինակ, 2011թ. կայացվել է պատասխանատվության միջոցներ կիրառելու 198 որոշում՝ կրկնակի ավելի, կամ որ նշանակվել է Դ375 մլն տուգանք, որևէ կերպ չեն ազդել մրցակցության վրա։
Նշենք, որ թեև անցած տարի ՏՄՊՊՀ-ում ավելացել էին տնտեսավարողներին պատասխանատվության ենթարկելու որոշումները, օմբուդսմենն արձանագրել է, որ բավարար չեն եղել հանձնաժողովի ձեռնարկած միջոցները հակամրցակցային գործողությունների դրսևորման դեպքերի կանխարգելման և դադարեցման ուղղությամբ: «Հանձնաժողովն իր որոշումներով պատասխանատվության է ենթարկել մի շարք տնտեսավարող սուբյեկտների հակամրցակցային գործողությունների դրսևորման համար:
Նրանք բողոքարկել են հանձնաժողովի որոշումները՝ չկատարելով դրանց պահանջները: Դատաքննության ողջ ժամանակահատվածում, որը կարող է տևել մինչև երկու տարի, հանձնաժողովը որևէ միջոց չի ձեռնարկել իր կողմից կայացված որոշումների կատարման գործընթացն ապահովելու համար»,– նշված է Մարդու իրավունքների զեկույցում:
ՄԻՊ եզրահանգումներից կարելի է ենթադրել, որ հանձնաժողովն այդքան էլ վստահ չի եղել իր որոշումների օրինականության մեջ և չի բացառել դատարանում դրանց կասեցման տարբերակը, ուստիև չի փորձել ապահովել գումարների վճարումը։ Խնդիրն այն է, որ դատարանի կողմից հանձնաժողովի որոշման կասեցումը հանգեցնելու էր նրան, որ տնտեսավարողից բյուջեի օգտին բռնագանձված գումարները վերադարձվեն։