Աղանբեկյանը՝ լոնդոնյան նկրտումներով

MICEX-RTS-ը մտադիր է մրցակցել LSE-ի հետ ու մինչև 2015-ը «գրավել» ԱՊՀ-նՌուսական MICEX-RTS միավորված բորսան օրերս ներկայացրել է մինչև 2015թ. զարգացման իր ռազմավարական ծրագիրը, որի համաձայն՝ առևտրային հարթակն անցնում է վաճառքների միջազգային ձևաչափի և խստացնում բրոքերներին ներկայացվող հիմնական պահանջները։ Ռուսական բորսայական խմբի նոր ռազմավարության հիմքում ԱՊՀ-ում միասնական բորսայական տարածքի ստեղծումն ու հաշվարկների բազմարժութային և միասնական համակարգի ներդրումն են։

MICEX-RTS-ը մտադիր է համաշխարհային մասշտաբի ենթակառուցվածք ստեղծել՝ վաճառքների մասնակիցներին հիմնական մրցակից Լոնդոնի ֆոնդային բորսայից (LSE) ավելի լավ պայմաններ առաջարկելու համար, ռազմավարական ծրագրի շնորհանդեսին հայտարարել են բորսայական խմբի նախագահ Ռուբեն Աղանբեկյանն ու ավագ կառավարիչ-տնօրեն Ռոման Գորյունովը։

Բորսայի նոր ռազմավարության համաձայն՝ հարթակներում հաշվարկների բազմարժութային համակարգ կներդրվի մինչև 2012թ. վերջ-2013թ. սկիզբ ընկած ժամանակահատվածը։ Արդյունքում յուրաքանչյուր ներդրող հնարավորություն կստանա գործարքների դիմաց հաշվարկներ կատարել ոչ միայն ռուբլով, այլև դոլարով և եվրոյով, ինչը թույլ կտա խուսափել արժութային ռիսկերից (ներկայում MICEX-RTS ֆոնդային շուկայում շրջանառությունը միայն ռուբլային է)։ Հաշվարկների կատարման ժամանակ հաճախորդն անձամբ կկարողանա ընտրել արժույթը, ինչպես նաև հնարավորություն կունենա ակտիվները վաճառել մեկ միասնական հաշվից։

Բացի այդ՝ բորսան մտադիր է մեկ «կաթսայում» կամ միասնական մեկ համակարգում կազմակերպել ռուսական բաժնետոմսերի, գլոբալ դեպոզիտար ստացականների, ԱՊՀ երկրների ընկերությունների բաժնետոմսերի վաճառքները։ Գորյունովի խոսքով՝ այս քայլը հնարավորություն կտա Համագործակցության ամբողջ տարածքում միասնական բորսայական տարածք ստեղծել։

MICEX-RTS-ում մտադիր են այնպիսի տեխնոլոգիա մշակել, որը թույլ կտա սովորական բաժնետոմսերը գլոբալ դեպոզիտար ստացականների փոխակերպել, ինչն էլ իր հերթին հնարավորություն կապահովի պայմանագրերի կատարման ժամանակ ընտրություն կատարել գործիքների միջև։ Բացի այդ՝ բորսան ծրագրում է շուկաների մեծ մասում (այդ թվում՝ բաժնետոմսերի և պարտատոմսերի) նախնական ամբողջական ավանդադրումից անցում կատարել մասնակիի, ինչը տեղի կունենա Т+3 ռեժիմին անցման շրջանակում (վճարումները կարող են կատարվել գործարքի կնքումից երեք օր անց)։

Այս գործոնների շնորհիվ MICEX-RTS-ը մտադիր է ռուսական ընկերությունների բաժնետոմսերի շուկայում առաջիկա չորս տարում իր 58%-անոց մասնաբաժինը հասցնել 64%-ի։ Ավելին՝ միավորված բորսան մտադիր է մինչև 2015թ. ռուսական ընկերությունների բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխման իր մասնաբաժինը հասցնել 65%-ի՝ 2011թ. 12%-ի համեմատ։ «Մենք մտադիր ենք մինչև 2015թ. Ռուսաստանի և ԱՊՀ-ի էմիտենտների տեղաբաշխման բացարձակ առաջատար դառնալ»,– հայտարարել է Աղանբեկյանը՝ փաստելով, որ ներկայում բորսայական խմբի մասնաբաժինը բաժնետոմսերի առաջնային և երկրորդական շուկայում «անբավարար» է։

Մեկնաբանել