Աշխարհը չի համոզում Fitch-ին

Գործակալությունը վերանայել է գլոբալ տնտեսության աճի կանխատեսումըFitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը Օ,1 տոկոսային կետով դեպի նվազում է վերանայել ընթացիկ տարվա համար համաշխարհային տնտեսության աճի նախորդ՝ դեկտեմբերյան կանխատեսումը։ Գործակալությունն այս քայլը պայմանավորել է վերջին ամիսներին գլոբալ տնտեսության աճին սպառնացող ռիսկերի մեծացմամբ, որոնց թվում Fitch-ն առանձնացրել է երկարաժամկետ փոխառությունների թանկացումը և «նավթային շոկը»։

Գործակալության վերանայած գնահատականների համաձայն՝ համաշխարհային ՀՆԱ աճը 2012թ. կկազմի 2,3%, 2013-ին՝ 2,9%։ Fitch-ի դեկտեմբերյան կանխատեսումը համապատասխանաբար 2,4%-ի և 3%-ի մակարդակում էր։ Զարգացած խոշոր երկրների տնտեսական աճն ընթացիկ տարում կշարունակի թույլ մնալ և կկազմի մոտ 1,1%, թեև 2013թ. կարագանա մինչև 1,8%, ասվում է գործակալության «Համաշխարհային տնտեսական կանխատեսում» (Global Economic Outlook) եռամսյակային զեկույցում։«Fitch-ն ակնկալում է, որ զարգացած առաջատար երկրների շարքում եվրոգոտու ցուցանիշներն ամենաթույլը կլինեն։ 2012թ. արժութային միության իրական ՀՆԱ-ի ծավալը կկրճատվի 0,2%-ով, իսկ 2013թ. կաճի ընդամենը 1,1%-ով», – նշում է Fitch-ի սուվերեն վարկանիշների խմբի տնօրեն Ջերջելի Քիսը։

Ընդ որում, Fitch-ը եվրոգոտու չորս խոշոր տնտեսությունների համար տարամիտված ցուցանիշներ է կանխատեսել՝ 2012թ. Իտալիայի ՀՆԱ-ն կկրճատվի 1,6%-ով, Իսպանիայինը՝ 1%-ով, մինչդեռ Գերմանիայի տնտեսությունը կաճի 0,7%-ով, Ֆրանսիայինը՝ 0,4%-ով։ Ընթացիկ տարում Մեծ Բրիտանիայի տնտեսության աճը թույլ կլինի՝ 0,5%-ի մակարդակում։Միացյալ Նահանգներում, ի տարբերություն Եվրոպայի, վերջին եռամսյակներում տնտեսական աճն արագացել է՝ աշխատաշուկայի բարենպաստ դինամիկայի, ինչպես նաև տնտեսության նկատմամբ բիզնեսի և սպառողների վստահության աճի ֆոնին, նշում են Fitch-ի փորձագետները։ Նրանք ամերիկյան ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2012թ. համար 1,8%-ից բարձրացրել են մինչև 2,2%՝ հաջորդ տարվա կանխատեսումը թողնելով անփոփոխ՝ 2,6%։

Հատկանշական է, որ գործակալությունը ՀՆԱ-ի աճի բարձր տեմպեր է կանխատեսում BRIC-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) համար։ 2012թ. խմբի երկրներում ՀՆԱ աճը, ըստ Fitch-ի, կկազմի 6,3%, 2013-ին՝ 6,6%։Ոչ բարենպաստ գործոնների թվում, որոնք կարող են սպառնալ գլոբալ տնտեսության դինամիկային, Fitch-ը ներառել է երկարաժամկետ փոխառությունների կտրուկ թանկացումն ու «նավթային շոկը»՝ համեմատաբար կարճ ժամանակահատվածում էներգակիրի գնի կտրուկ բարձրացումը։ Նավթի գնի՝ 150 $/բարել մակարդակը, ըստ գործակալության, համաշխարհային տնտեսության աճի տեմպը ընթացիկ և հաջորդ տարում կդանդաղեցնի նվազագույնը 0,4 տոկոսային կետով։

Մեկնաբանել