Տարիներ առաջ՝ 1989թ., Երևանի Արդի արվեստի թանգարանում կազմակերպված «Երկնագույն բուրգ» կոչվող խմբի ցուցահանդեսի այցելուները թերևս առաջին անգամ հնարավորություն ունեցան ծանոթանալու Հրանտ Միրզոյանի ստեղծագործություններին, որոնք ցուցադրվում էին առանձին սրահում: Դրան հաջորդած հանրապետական ցուցահանդեսներում գրեթե միշտ կարելի էր հանդիպել նույն ստորագրությամբ նկարների, որոնք միանգամից առանձնանում էին մյուսներից՝ նախևառաջ իրենց գեղարվեստական անշփոթելի մտածողությամբ:
Հիմնականում վերացապաշտ նկարչության սկզբունքներով արված այդ կտավները թվում է, թե տարբերակիչ քիչ առանձնահատկություններ պիտի երևան հանեին նմանօրինակ մյուս աշխատանքների համեմատությամբ: Զարմանալին և դժվար բացատրելին էլ հենց այն է, որ նույն, քեզ հազարապատիկ ծանոթ գույները՝ կարմիրը, դեղինը, զմրուխտ կանաչը, դրվելով կողք կողքի, կազմում են անձև ինչ-որ ձև և արդյունքում ի հայտ բերում գեղարվեստական տպավորիչ որակ։ Դիտելով այդ աշխատանքները՝ մեկ անգամ ևս համոզվում ես այն հանրահայտ ճշմարտության մեջ, թե գլխավորն ու էականը, իրոք, ձևը չէ, այլ բովանդակությունը, պարունակյալ իմաստը:
Աբստրակտ կամ վերացապաշտ կոչվող նկարչությունն առաջին հայացքից ոչ ազգային կարող է թվալ: Տվյալ դեպքում, սակայն, մտքովդ անգամ չի անցնի Հրանտ Միրզոյանի նկարներում ոչ հայկական շեշտեր փնտրել: Դրանք զուտ հայի ներաշխարհի վերացարկումներ են՝ շեշտված գունային վառ մտածողությամբ ու կատարման ձևերի բազմազանությամբ: Վերջիններս, անշուշտ, միանգամից չեն տրվել նկարչին: Դրանք նրա երկար որոնումների և տքնանքի օրինաչափ արդյունքն են:
Հրանտը ծնվել է 1962թ. Գյումրիում՝ նկարչի ընտանիքում: Սկզբում սովորել է տեղի գեղարվեստի դպրոցում, ապա ուսումը շարունակել է Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում և Երևանի գեղանկարի բաժնում (Սարգիս Մուրադյանի արվեստանոցում)։ Ցուցահանդեսների սկսել է մասնակցել դեռևս ուսումնարանում սովորելու տարիներին: Խմբակային ցուցահանդեսներում նրա ստեղծագործությունները ցուցադրվել են եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում:Հիմնական խնդիրը, որ հուզում է Հրանտին, գույների և լույսուստվերի միջոցով առավելագույն արտահայտչականության հասնելն է: Ստեղծագործում է շարքերով՝ «Արվեստանոց», «Տեսիլքներ», «Մեղեդի», «Հայտնություն» և այլն: Թեման նրա համար լոկ միջոց է գեղանկարչական խնդիրներ լուծելու ճանապարհին:
Գերակշռողը կոմպոզիցիոն աշխատանքներն են, որոնց միջոցով հեղինակն արտահայտում է իր ներքին զգացողությունը, իրեն համակած ապրումներն ու տրամադրությունները: Կախված դրանցից՝ փոխվում է գործերի տոնայնությունը, ուստի և գունային երանգապնակը: Մերթ դեղինն է գերիշխում, երբ «Գարուն» է պատկերված, մերթ մուգ երանգները՝ «Գիշեր»-ային պատկերների դեպքում: Իսկ երբ խառն են զգացումները, գույները ևս կարծես ալիք են տալիս («Փոփոխական պատկեր»):
Զուտ աբստրակտ գործերի կողքին քիչ չեն, եթե կարելի է այսպես անվանել, ֆիգուրատիվ աբստրակցիային վերաբերող աշխատանքները: Դրանցում պարզորոշ տեսնում ենք ֆիգուրներ, զանազանում դեմքեր, որոնք թերևս չունեն առարկայական կոնկրետություն, բայց ամենակարևորը՝ ունեն հայացք, քեզ փոխանցվող տրամադրություն: Այսպես է, օրինակ, «Սպասում» կտավը դիտելիս, երբ հայացքիդ առջև այդ հոգեվիճակը կրող մտախոհ կինն է՝ աղավնին ձեռքին:
Գեղարվեստական նույն սկզբունքներով է հատկորոշվում նաև Հրանտ Միրզոյանի գրաֆիկան: Հիմնականում ստեղծագործում է խառը տեխնիկայով՝ հավասարապես օգտագործելով ջրաներկ և գուաշ, պաստել և տեմպերա, թանաք ու տուշ: Արդյունքում ստեղծվում է գունագծային մի անսովոր համանվագ, որն անկրկնելի է իր բազմազան դրսևորումներով:
Այսպես է, օրինակ, գրաֆիկական թերթերի այն շարքը, որում Պրահայի քաղաքային բնապատկերներն են։ Դրանք 2003թ. ցուցադրվեցին Չեխիայի մայրաքաղաքի «Րափիդ» պատկերասրահում և մեծ հաջողություն ունեցան։ Արտաքին բնորոշ մանրամասների խորքի վրա՝ աշտարակներ, ճարտարապետական բազմաձև կառույցներ և այլն, նկարչի երևակայության պատկերներն են՝ միջնադարյան ասպետներ, պարահանդեսային արդուզարդով զուգված տիկնայք, որոնք լցնում են միջավայրը։ Դրանք տպավորում են և տրամադրություն ստեղծում, ու դարձյալ, պայմանավորված վերջիններով, մերթ վառ գույների խրախճանքի ենք հանդիպում, մերթ դրանց նուրբ զուգորդումների:
2007թ. Հրանտը հրավիրվեց Ալմա Աթի՝ որմնանկարելու տեղի հայկական եկեղեցին: Այդտեղ էլ՝ «Արվեստ» պատկերասրահում, բացվեց նրա հերթական անհատական ցուցահանդեսը: Վերջին տարիներին նրա աշխատանքները հաջողությամբ ցուցադրվում են Իտալիայում՝ Նեապոլում և Ֆլորենցիայում: Չմոռանանք ավելացնել, որ նա փնտրված նկարիչ է նաև մասնավոր կոլեկցիոներների շրջանում:
Այս տարին հոբելյանական է Հրանտ Միրզոյանի համար. լրանում է նրա ծննդյան 50-ամյակը: Ու այսպես՝ տարեցտարի և նկարից նկար, հյուսվում է արվեստագետի ստեղծագործական կենսագրությունը՝ լի ձեռքբերումներով և արդյունավետ որոնումներով: