«Արդար ընտրություններ» շոու

Ոստիկանությունն սկսում է «Արդար ընտրություններ» շոուն: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ԱԺ ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով Ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է օպերատիվ շտաբ: Կարծես մարսել է ընտրական ցուցակներում ընտրողների թիվը 2 մլն 400 հազարի հասցնելը, հիմա հերթը հասել է «ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելուն»:

Ինչպե՞ս հասկանալ ոստիկանության այս քայլը: Ըստ իս՝ ոստիկանությունը օպերատիվորեն ապահովելու է բոլոր այն գործողությունների իրականացումը, որոնք իշխանությանն օգնելու են ընտրությունները կեղծելով կարողանալ ջրել այդ կեղծիքների հանդեպ հասարակական արձագանքը: Հայաստանի բոլոր ընտրությունների պատմությունը ցույց է տալիս, թե ինչ դեր է ունեցել ոստիկանությունը ցանկացած ապօրինության մեջ: Հիշենք պարզապես 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ Դավթաշենի տեղամասերից մեկում ոստիկանների ներկայությամբ օլիգարխ Լևոն Սարգսյանի հարձակումը լրագրողների վրա, որն այդպես էլ որևէ քննության չարժանացավ «հանցակազմի բացակայության պատճառով»:

Ես վստահ եմ, որ Վլադիմիր Գասպարյանն անկեղծորեն ցանկանում է, որ ընտրություններն անցնեն ազատ, արդար և թափանցիկ մթնոլորտում, պայմանով, որ հաղթի ՀՀԿ-ն: Ինքը՝ ոստիկանապետը, ախր նախապաշարմունքներ ունի ընդդիմության նկատմամբ և անկեղծորեն սիրում է Սերժ Սարգսյանին, ինչը, ի դեպ, դատապարտելի չէ: Երբ ՊՆ փոխնախարար էր, ընդդիմության մասին ասում էր. «Դրանց մեջ մարդիկ կան, որոնք բանակի կողքով էլ չեն անցել»: Մարդը 2008թ. մարտի 1-ին ՊՆ ռազմական ոստիկանության պետն էր ու երեք տարի հետո ասում էր, որ «բանակը երբեք քաղաքականությանը չի խառնվել»:

Դժվար է համաձայնել, որ ոստիկանությունը որևէ խնդրի ինտելեկտուալ լուծումը գտնելու լուրջ ներուժ ունի: Ովքե՞ր են իրագործելու հրամանը: Պարզ չէ՞. այն ոստիկանները, որոնք մարդկանց վրա հարձակվելու հրամաններին ավելի կրքով ու եռանդով են արձագանքում, քան չհարձակվելու: Ես չեմ հերքում, որ Վլադիմիր Գասպարյանի օրոք ոստիկանությունն ավելի համբերատար է դարձել, բայց ոչ օրինապահ: Եվ դժվար է ասել, որ գործող ոստիկանապետն է խանգարում նրանց օրինապահ դառնալ:

Պարզապես իշխանության պահպանման ընկալումն է անհնար դարձնում այդ օրինապահությունը: Այլապես արտագաղթի մասին երկու ամիս առաջ հրապարակված պաշտոնական տվյալներից հետո ինչպե՞ս նույն ոստիկանության մտքով անցավ ընտրողների թիվը դարձնել 2 մլն 416 հազար: Ո՞ւմ մտքով է անցել ստիպել Մաշտոցի պուրակը բնապահպաններից պաշտպանող ոստիկաններին նամակ գրել իրենց շեֆին և դժգոհել, որ ցուցարարները հայհոյում են իրենց: Պարզ չէ՞, որ այդ նամակին հետևելու էր ոստիկանության գրոհը բնապահպանների վրա: Պարզապես ինչ-որ պահից այդ սցենարը չաշխատեց:

Հիմա անդրադառնանք ոստիկանապետի բուն հրամանին: Ո՞ւմ մտքով է անցել կազմակերպել այդ շոուն: Ինչո՞ւ է օրենքով ամրագրված իր գործառույթները ոստիկանությունը սարքում հրապարակային իրադարձություն, այն էլ լրագրողների ներկայությամբ: Ի՞նչ է՝ եթե չհայտարարեին օպերատիվ շտաբ ստեղծելու մասին, քաղաքացին ենթադրելու էր, որ ոստիկանությունը օրենքով կարող է պատշաճ չպահպանե՞լ հասարակական կարգը, չապահովե՞լ ընտրությունների բնականոն ընթացքը: Ոստիկանությունը մի գործառույթ ունի՝ չլինել կողմ որևէ կոնֆլիկտում:

Ոստիկանությունը պետք է նախապես հայտարարի, որ չի խոչընդոտելու ընտրությունների նկատմամբ անվստահություն հայտնող քաղաքացիների օրինական բողոքի արտահայտումը: Ոստիկանությունը Վլադիմիր Գասպարյանի շուրթերով պետք է դադարի պիտակավորել ընդդիմադիր տրամադրված քաղաքացիներին: Մնացած գործառույթների համար գոյություն ունեն ոստիկանության, հասարակական կարգի պահպանման, ընտրական և ԶԼՄ-ների մասին օրենքները, որոնք կարելի է կարդալ, ասենք, parliament.am կայքում: Դրա համար կարիք չկա շոուներ սարքել հատուկ հեռուստաընկերությունների համար:

Մեկնաբանել