Լատինական Ամերիկայի աճը դանդաղում է

Եվրամիության և Չինաստանի տնտեսական աճի դանդաղումը լրջորեն վնասում է Լատինական Ամերիկայի երկրների տնտեսությանը, գրում է իսպանական El Pais-ը։

Տարածաշրջանի մի շարք երկրների արտահանման հիմնական ուղղությունը հումքն է, որի անկումը (բացառությամբ նավթի) վերջին տարիներին խախտում է այս երկրների վճարային հաշվեկշիռը։ Երբեմն սրան հավելվում են այլ գործոններ, որոնք էլ ավելի անորոշ են դարձնում տնտեսական քաղաքականության կառավարումը կամ, ինչպես Արգենտինայի դեպքում, նպաստում ազգայնական տրամադրությունների աճին։

Չինաստանի տնտեսական աճի դանդաղման մտավախությունը ցիկլային տեսանկյունից Լատինական Ամերիկային սպառնացող գլխավոր ռիսկերից մեկն է։ Չնայած նրան, որ չինական տնտեսության աճը դեռ չի մտել խիստ դանդաղման փուլ, այդուհանդերձ, վերջին տասը տարում այն միջին հաշվով կրճատվել է 10%-ով։ Սա նշանակում է, որ արտահանման դինամիկան դանդաղում է, իսկ օտարերկրյա գնումների ծավալը՝ կրճատվում։ Միաժամանակ՝ թուլանում է համաշխարհային առևտրաշրջանառության մեջ նրա դերը, ինչն անմիջականորեն ազդում է Լատինական Ամերիկայի վրա։ Ըստ 2010-ի տվյալների՝ Լատինական Ամերիկա կատարվող ներկրումների 15%-ը բաժին է ընկնում Պեկինին, իսկ տարածաշրջանի գլխավոր գործընկեր ԱՄՆ-ին՝ 18%-ը։

Ընդհանուր առմամբ, տարածաշրջանի մակրոտնտեսական փոփոխական մեծությունների ամրությունը դրական միտում է համաշխարհային տնտեսական անկման լույսի ներքո։ Տնտեսական անհամամասնությունների հարթումը և միջազգային պահուստների կուտակման գործընթացը վերջին շրջանում կրճատել են այս երկրների համար ֆինանսավորման ստացման պայմանների վատթարացման  հավանականությունը։

Հնարավոր շահույթի պատուհանը, որ ունեն իշխանությունները՝ ցիկլի խրախուսման համար, Լատինական Ամերիկայի տնտեսական կառուցվածքի հզոր կողմերից մեկն է։ Խոսքը մասնավորապես արժութային քաղաքականության մասին է, որի վկայությունը Բրազիլիայի բանկային տոկոսադրույքի՝ SELIC-ի (9,75%, մոտ է վերջին տասը տարիներին նվազագույն ցուցանիշներին) վերջերս կատարված պաշտոնական իջեցումն է։

Չպետք է մոռանալ նաև լատինաամերիկյան վարկային գծերի վրա Եվրոպական կենտրոնական բանկից փոխառված և սեփական միջոցների հարաբերակցության ազդեցության մասին, մասնավորապես՝ երբ կապիտալի կարգավորման ռեժիմը և մի շարք այլ հանգամանքներ հանգեցնում են տարածաշրջանում ակտիվների քաոսային վաճառքի։ Իսպանական բանկերի ակտիվ ներկայությունն այստեղ, մասնավորապես՝ չիլիական տնտեսությունում, հարկ է որպես ռիսկի գործոն դիտարկել։

Խիստ մտահոգում է Արգենտինան, մասնավորապես՝ իսպանական մի շարք ընկերությունների։ Այս երկրում ազգայնական տրամադրությունների աճին զուգահեռ նվազում է օտարերկրյա կապիտալի ծավալը։ Արգենտինական նավթային Yacimientos Petrolíferos Fiscales (YPF) ընկերության արտոնությունների մշտական կրճատումը վկայում է ֆինանսավրոման արտաքին աղբյուրների որոնման հարցում կառավարության խնդիրների մասին։ Դրանք արտացոլում են աճի մոդելը, որի սկզբունքը կարճաժամկետ հեռանկարում կայուն չէ, իսկ մշտականությունը՝ հարաբերական է։