Եռակի հաղթանակ․ Ռոմնին ամրապնդում է դիրքերը

Փրայմերիզների ներկայիս փուլում Ռոմնիի առավելությունն այնքան ակնհայտ է եղել, որ նրա գլխավոր հակառակորդը՝ Փենսիլվանիայի նախկին սենատոր Ռիկ Սանտորումը, անգամ հրաժարվել է պայքարից Կոլումբիայի շրջանում։

Երևում է՝ այժմ ոչ ոք չի կասկածում, որ գալիք ընտրություններում նախագահ Բարաք Օբամայի հանրապետական հակառակորդը հենց Միթ Ռոմնին կլինի։

Մեծահարուստ մորմոնն ինքն էլ գրեթե վստահ է դրանում։ Ավելին, նա իր մրցակիցներին կոչ է արել խելացի վարվել և հրաժարվել հետագա պայքարից։ «Դա թույլ կտար մեզ կենտրոնանալ Օբամայիմ դեմ պայքարի ուղղությամբ»,- հայտարարել է նա։

Ռոմնիի ուղերձն առաջին հերթին հասցեագրված է եղել Ռիկ Սանտորումին։ Նախկին ղենատորը, սակայն, մտադիր չէ հանձնվել։

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն որոշվելու է փրայմերիզների ավարտին՝ կուսակցական համագումարում, որը կայանալու է այս տարվա օգոստոսի վերջին։ Միասնական թեկնածու դառնալու համար քաղաքական գործչին անհրաժեշտ կլինի համագումարի 1144 պատվիրակների աջակցությունը։ Պատվիրակների ստացած ձայների թվով ներկայում առաջատար դիրքերում Միթ Ռոմնին է։ Նա պահուստում ունի 1144 պատվիրակների ավելի քան կեսի աջակցությունը։

Մասաչուսեթսի նախկին նահանգապետի հաղթանակներում իր դերն է խաղում նաև ագրեսիվ հեռուստագովազդը, որի համար Ռոմնին ու նրա դաշնակիցներն արդեն $53 մլն են ծախսել։