Amazon.co.uk-ի գործը հետաքննում են հարկային մարմինները

Մեծ Բրիտանիայի խոշորագույն օնլայն աևտրային հարթակ Amazon.co.uk-ը 2011թ. 3,3 մլրդ ֆունտ ստեռլինգի (մոտ €4 մլրդ) վաճառքներից չի վճարել կորպորատիվ շահութահարկ, գրում է բրիտանական The Guardian-ը։ Ներկայում ընկերության գործունեությունը հետաքննում են բրիտանական հարկային մարմինները։

Ամերիկյան Amazon.com մայր ընկերության՝ ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (Securities and Exchange Commission, SEC) ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ հետաքննությունը վերաբերում է այն ժամանակշրջանին, երբ Մեծ Բրիտանիայում բիզնեսի վերահսկողությունն անցել էր լյուսքեմբուրգյան ընկերություններին։

Ըստ SEC ներկայացրած փաստաթղթերի՝ վերջին երեք տարում Amazon-ի վաճառքների ծավալները Մեծ Բրիտանիայում կազմել են 7,6-10,3 ֆունտ ստեռլինգ, սակայն այս ընթացքում ընկերությունն ընդհանրապես չի վճարել  շահութահարկ, գրում է բրիտանական The Bookseller ամսագիրը։ Բրիտանական օրենքների համաձայն՝ հարկը պետք է կազմի առնվազն 100 մլն ֆունտ ստեռլինգ։

Մյուս կողմից՝ Մեծ Բրիտանիայի հարկային-մաքսային ծառայությունում հրաժարվում են հաստատել, որ Amazon.co.uk-ի նկատմամբ հետաքննություն է տարվում։ The Guardian-ը, սակայն, գրում է, որ ԱՄՆ-ում, Չինաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում և Լյուքեմբուրգում ընկերության հարկային գործերը հետաքննվում են։

Amazon.co.uk-ի վստահեցմամբ՝ ինքը Amazon EU SARL-ի առևտրային նշանն է, Մեծ Բրիտանիայի բիզնեսը միայն «պատվերների կատարում» է, իսկ բոլոր եկամուտները հոսում են Լյուքսեմբուրգ։ 2010թ. Լյուքսեմբուրգի գրասենյակի շրջանառությունը կազմել է €7,5 մլրդ (6,5 մլրդ ֆունտ), իսկ աշխատակիցների թիվը ՝ 134, այն դեպքում, երբ բրիտանական մասնաճյուղի շրջանառությունը կազմել է 147 մլն ֆունտ և ավելի քան 2 հազ. աշխատակից։ SEC ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ 2010թ. Բրիտանիայում վաճառքների ծավալը կազմել է 2,3-3,2 մլրդ ֆունտ։

Նշենք, որ Amazon-ը Միացյալ Թագավորությունում գործունեություն է ծավալում 1998-ից։

Անցած տարի  Amazon.com-ի զուտ շահույթը նվազել է՝ կազմելով $631 մլն, իսկ հասույթն աճել է մինչև  $48,08 մլրդ։