Իսլամում արմատական հոսանքներն ակտիվանում են. Եվգենի Պրիմակով

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գլոբալ հիմնախնդիրների և միջազգային հարաբերությունների բաժանի «Իրավիճակային վերլուծության կենտրոն»-ը՝ ՌԴ նախկին արտգործնախարար Եվգենի Պրիմակովի առաջարկված մեթոդաբանությամբ ու ղեկավարությամբ, իրավիճակային վերլուծություն է կատարել՝ «Իսլամը Ռուսաստանում. արմատականացման սպառնալիքներ» թեմայով։

Ըստ կենտրոնի փորձագետների՝ մուսուլման բնակչությամբ երկրներում իսլամի քաղաքականացումը, նրա վերածումը քաղաքական ու սոցիալ-տնտեսական գործընթացների կարևոր բաղկացուցչի գլոբալ ֆենոմեն է։ Ընդ որում՝ իսլամում արմատական հոսանքների ակտիվացում է տեղի ունենում։ Այս միտումները դրսևորվում են նաև Ռուսաստանում։ Ծայրահեղական գաղափարները տարածվում են վահհաբականության ու սալաֆիականության համախոհների կողմից։

Փորձագետները նշում են, որ Հյուսիսային Կովկասում, նախևառաջ՝ Դաղստանում, վտանգավոր կրոնա-քաղաքական իրադրություն է ստեղծվել։ Այս տարածաշրջանում արմատական իսլամի բազայի ընդարձակմանը նպաստում են հատկապես գործազրկությունը, բնակիչների մեծ մասի աղքատությունն ու կենսամակարդակի զգալի տարբերությունը սոցիալական տարբեր խմբերի միջև։ Բացասական են ազդում նաև հասարակության կառուցվածքի առանձնահատկությունները։

Այդուհանդերձ, ըստ փորձագետների` արմատական իսլամի համախոհների թիվն այստեղ այնքան մեծ չէ, ինչպես վստահեցվում են որոշ ահազանգող հայտարարություններում։ Հաճախ վահհաբական են անվանվում նրանք, ովքեր դառնում են տեղի ազդեցիկ կլանների անդամների քաղաքական կամ տնտեսական շահերի բախումների զոհը։

Հյուսիսային Կովկասում արմատական իսլամիստական խմբավորումների ու «կիսաընդհատակի» ակտիվ անդամների թիվը մոտավոր գնահատականներով 4500-5000 մարդ է, նշում են կենտրոնի փորձագետները։

Մեկնաբանել