Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ բանագնաց Քոֆի Անանը սիրիական ճգնաժամի լուծման ծրագրի շրջանակում հաջորդ շաբաթ մեկնելու է Թեհրան։
Ներկայում Դամասկոսում աշխատում է ՄԱԿ-ի պատվիրակությունը, որը քննարկում է միջազգային դիտորդների ժամանման հնարավրությունը Սիրիա։
Ապրիլի 5-ին Սիրիայի կառավարությունը Քոֆի Անանին տեղեկացրել է, որ զորքերը դուրս է բերում երկրի շրջաններից, հայտարարել է նրա մամլո քարտուղար Ահմադ Ֆաուզին։
Հիշեցնենք, որ մարտի վերջին ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնացը ներկայացրել էր սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման վեց կետից բաղկացած իր ծրագիրը, որը Սիրիայում հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը, քաղաքական երկխոսություն սկսել ու մարդասիրական կազմակերպություններին երկրում գործունեության հնարավորություն տալ։
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը դրական է պատասխանել ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնացի նախաձեռնություններին։
Քոֆի Անանը հայտարարել է, որ ապրիլի 10-ը պետք է դառնա Սիրիական իշխանությունների՝ խաղաղ կարգավորման ծրագրի իրականացման վերջնաժամկետը։
Սիրիայի ներքաղաքական ճգնաժամը սկսվել է 2011թ. մարտին։