Երվանդ Քոչարի տարածանկարը կարող է վաճառվել

Ապրիլի 5-8-ը Մոնակոյում անցկացվում է Art Monaco ցուցահանդեսը: Կոտ դ՚Ազուրը, որտեղ տարին 300 օր արև է շողում, աշխարհի ամենագրավիչ վայրերից է` այն հայտնի է իբրև հարուստների և ճանաչվածների երկիր: Արդեն երրորդ տարին է՝ այստեղ է հավաքվում արտբիզնեսի վերնախավը` արվեստի գործերին ծանոթանալու, գնահատելու, ինչպես նաև հավաքածուներն ամբողջացնելու նպատակով: Այս տարի Art Monaco-ին մասնակցելու է նաև Հայաստանը: «Բարձր արվեստ» պատկերասրահը Մոնակոյում ներկայացնում է Երվանդ Քոչարի «Առաջին մեղսագործություն» տարածական նկարը:

Ուղիղ մեկ տարի առաջ այս նկարը հայտնվել էր ուշադրության կենտրոնում: «Բարձր արվեստ» պատկերասրահի հիմնադիր Սարգիս Գրիգորյանը բավական խոշոր գումարով ձեռք էր բերել Երվանդ Քոչարի վաղ շրջանի աշխատանքներից մեկը՝ «Առաջին մեղսագործություն»-ը, որն արդեն ավելի քան կես դար չէր ներկայացվել հանրությանը: Այն շուրջ երեսուն տարի գտնվել էր ֆրանսիացի հավաքորդ Պատրիկ Տրիգանոյի մոտ, իսկ այնուհետև՝ Փարիզի «Մինոտավր» պատկերասրահում:

Անցյալ տարի «Առաջին մեղսագործություն»-ը Հայաստան է բերվել և ցուցադրվել Ազգային պատկերասրահում, Երվանդ Քոչարի տուն-թանգարանում, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Սարգիս Գրիգորյանը ցանկանում էր, որ շատ մարդ հնարավորություն ունենա տեսնելու այն:

Աշխատանքը, որն ստեղծվել է 1927թ., Քոչարի ամենաբեղմնավոր և ազատական ստեղծագործական փուլի վկայությունն է, նրա հայտնագործած տարածային նկարչության ժանրի իսկական գլուխգործոցը: 20-րդ դարի առաջին կեսին Քոչարը կարողացել էր կռահել այն մեծ հեղափոխությունը, որը պիտի կյանքի կոչեին բարձր տեխնոլոգիաները և հատկապես եռաչափ` 3D ձևաչափը: Այս աշխատանքում Քոչարն օգտագործել է հայելապատ մակերեսներ, զանգակներ, «գլուխկոտրուկներ» կազմող դետալներ:

Անցյալ տարի Սարգիս Գրիգորյանը, հարցազրույցներից մեկում գանգատվելով հայաստանյան արտբիզնեսից, ասել է. «100-200 հազար եվրոյով Թութունջյան են վաճառում աշխարհում, Հայաստանում ոչ ոք այդքան գումարով նկար չի գնում: Մեզ մոտ ամեն ինչ այլ է, մերոնց թվում է՝ ամեն ինչ նվիրելու կամ հեշտ ձեռք բերելու մեջ է: Ախր ոչ ոք էս դարում ոչ ոքի հենց այնպես նվեր չի տալիս, սա պետք է վերջնականապես հասկանալ»: Նա հույս էր հայտնել, որ վերջապես Հայաստանում գնորդներ կգտնվեն, և տարածանկարը կմնա նկարչի հայրենիքում, ինչը, սակայն, քիչ հավական է թվում: «Հարուստների քաղաք» Մոնտե Կառլոն այս օրերին գրավիչ է հատկապես պատկերասրահների տերերի, հավաքորդների և պարզապես արվեստասեր գնորդների համար: Աշխարհի շուրջ հարյուր պատկերասրահների ներկայացրած գլուխգործոցների շարքում, որոնց թվում են աշխարհի ամենաթանկ նկարիչներ Ռոյ Լիխտենշտեյնի և Էնդի Ուորհոլի կտավները, վաճառքի է հանվում նաև Քոչարը:

Մեկնաբանել