Սերգեյ Չերյոմին. Երևանը ներդրումների համար գրավիչ միջավայր է

Ապրիլի 5-7-ը Երևանում ընթացող Մոսկվայի օրերի շրջանակում «Մոսկվայի տանը» կազմակերպվել է ներդրումային ցուցահանդես, որտեղ հայաստանյան մի շարք ընկերություններ հնարավորություն են ունեցել ներկայացնելու ներդրումային ծրագրերի իրենց առաջարկները:

Մոսկովյան պատվիրակության անդամները շրջել են տաղավարներով, ծանոթացել ներկայացված առաջարկությունների փաթեթներին, հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից:

«Մեզ համար շատ կարևոր է Երևանի հետ գործընկերության հարաբերությունների ամրապնդումը ներդրումային նոր ծրագրերի համատեքստում, քանի որ այստեղ` Երևանում, այսօր առկա է ներդրումների համար բավական գրավիչ միջավայր։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այդ ուղղությամբ որոշակի հարցեր մենք արդեն քննարկել ենք»,- նշել է Պատվիրակության ղեկավար, Մոսկվայի կառավարության նախարար Սերգեյ Չերյոմինը:

Հայաստանյան ավելի քան 100 խոշոր ընկերությունների, Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև ներդրումային ոլորտի առաջատար փորձագետներ «Մոսկվայի տանը» մասնակցել են նաև ներդրումային համաժողովի, որի ընթացքում քննարկվել են քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներին առնչվող հարցեր. մասնավորապես` կրթության, առողջապահության, ջրամատակարարման, աղբի վերամշակման, «Անվտանգ քաղաքի», էլեկտրոնային կառավարման, ինչպես նաև երկու քաղաքների միջև տնտեսական համագործակցության արդիական այլ խնդիրների շուրջ հարցեր:

Համաժողովի մասնակիցները քննարկել են նաև Մոսկվայի և Երևանի միջև զբոսաշրջային կապերի հաստատման, առևտրային համագործակցության, նաև երկու մայրաքաղաքներում ներդրումային հնարավորություններին առնչվող հարցեր:

Մեկնաբանել