Մեկնարկում է «Վերածնունդ-2012» -ը

Գյումրիում ապրիլի 9-19-ը կանցկացվի երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Այն կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ջանքերով:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Վերածնունդ» փառատոնի հիմնադիր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանը, մրցույթի անցկացման նպատակն է նպաստել հանրապետությունում երաժշտարվեստի զարգացմանն ու մասսայականացմանը, երեխաների երաժշտական ճաշակը ձևավորելուն, աճող սերնդի գեղագիտական, մասնավորապես երաժշտական դաստիարակությանը, ինչպես նաև ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում, սփյուռքում շնորհալի երաժիշտների հայտնաբերմանը:

Այս տարի, ավանդական յոթ անվանակարգերից բացի, ներկայացված է 9 անվանակարգ` դաշնամուր, լարային գործիքներ, մեներգեցողություն, ազգային երգեցողություն, ազգային նվագարաններ, կամերային անսամբլ, փողային գործիքներ, կոմպոզիցիա և էստրադային ջազային երգեցողություն:

Ինչպես նշեց Կարինե Ավդալյանը, այս «Վերածնունդ»-ը յուրահատուկ է լինելու, քանի որ ժյուրիի անդամները շատ հեղինակավոր մարդիկ են: Հատուկ երիտասարդ կատարողների ունակություններին ծանոթանալու համար Հայաստան կժամանեն դաշնակահար Անաստասիոս Պապասը, Ժան Տեր-Մերկերյանը, Օլավի Կասեմաան, Ալիռեզա Գրոխովսկին, Նինա Վորոզան, Գաբնիս Էդուարդասը, Ալեքսեյ Լարինը: Կմասնակցեն նաև հայաստանցի ճանաչված կատարողներ ու դասախոսներ:

«Վերածնունդ»-ն այս տարի առանձնացել է նաև մասնակիցների քանակով: Եթե անցյալ տարի ՀՀ բոլոր մարզերից և աշխարհի 22 երկրներից շուրջ 1100 մասնակից էր հայտ ներկայացրել, ապա այս տարի 1365 մասնակից կլինի` 25 երկրից: Հետաքրքրական է, որ  առավել մեծ քանակով հայտերը «ազգային նվագարաններ» անվանակարգում են ներկայացվել: Ինչպես նկատել է Կարինե Ավդալյանը, սա անցյալ տարի Մշակույթի նախարարության կողմից անցկացված բարեփոխման արդյունքն է, շնորհիվ որի՝ երաժշտական դպրոցներում ազգային նվագարանների դասարաններն անվճար են  դարձել: «Փաստորեն շատերը ցանկություն ունեին սովորելու, և այս նախաձեռնությունն արդարացվեց»,- մեկնաբանեց Ավդալյանը:

Փառատոնը սկսում է հեղինակություն վայելել նաև արտերկրում, այդ մասին է վկայում թե՛ հայտերի քանակը, թե՛ մասնակից հաստատությունների ցանկը: Այս անգամ, օրինակ, տասնմեկ մասնակից կլինի Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայից:

«Վերածնունդ» փառատոնն այսօր երբեմնի մշակութային մայրաքաղաք Գյումրիում անցկացվող այն քիչ խոշոր միջոցառումներից է, որն այս քաղաք տոն է բերում: Ինչպես ասաց Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, տասը օրվա ընթացքում քաղաքի գրեթե բոլոր մշակութային հաստատություններում երաժշտություն է հնչում, աշխուժանում է երիտասարդությունը իսկ հյուրերը վայելում են Գյումրիի ինքնատիպ մթնոլորտը: «Մեր պարտքն է վերածնել նաև Գյումրին»,- ասաց Շահեն Շահինյանը: «Վերածնունդ-2012»-ի ընթացքում կշնորհվի Ալեքսանդր Հարությունյանի անվան հատուկ մրցանակ` ի հիշատակ օրերս կյանքից հեռացած հայ անվանի կոմպոզիտորի: