Տրամպը երկնաքերերի նախագծերը Բաթումում կներկայացնի ապրիլի վերջին

Հայտնի ամերիկացի միլիարդատեր և մեդիամագնատ Դոնալդ Տրամպը ապրիլի 21-ին երկօրյա այցով կմեկնի Վրաստան, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն՝ վկայակոչելով վրացական Silk Road Group ընկերության ներկայացուցչին։

Տրամպին Վրաստանում սպասում էին դեռ 2011թ. դեկտեմբերին, սակայն այցը հետաձգվեց։

«Արդեն կա բանավոր պայմանավորվածություն այն մասին, որ Դոնալդ Տրամպը Վրաստանում կլինի ապրիլի 21-22-ը։ Նրա այցի ընթացքում Բաթումում տեղի կունենա «Տրամպ Թաուեր» նախագծի շնորհանդեսը, որի դիզայնի աշխատանքներն արդեն ավարտված են»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ նախագծի շնորհանդեսից հետո կսկսվեն կառուցման համար միջոցների ներգրավման աշխատանքները։

«Տրամպ Թաուեր»-ի կառուցումը Բաթումում պետք է ավարտվի 2013թ։ Նախագիծն իրականացնում է Silk Road Group ընկերությունը՝ Տրամպի գործընկերը Վրաստանում։ Նոր համալիրում, բացի հյուրանոցից ու բնակարաններից, կլինեն առևտրային հարթակներ և խաղատուն։

Նման երկնաքեր ծրագրվում է կառուցել նաև Թբիլիսիում։ Երկու օբյեկտների կառուցումը կարժենա $250 մլն։

Տրամպի ընկերության և Silk Road Group-ի համագործակցության վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել էր 2011թ. մարտին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակում։

Մեկնաբանել