ՆՓԱԿ-ում փառատոն է մեկնարկում «Կրիզիս2»

Այլընտրանքային արվեստի ամենամյա փառատոնն արդեն 16-րդ անգամ է անցկացվում Երևանում: Այս տարի
այն «Կրիզիս2» խորագիրն է կրելու: «Կրիզիս»-ը ոչ միայն արտահայտում է համադրողի տեսակետը, այլև հղում է
1999թ. համանուն փառատոնին, որը նվիրված էր հոկտեմբերի 27–ի իրադարձություններին: Ինչու է համադրողը
որոշել հենց այս խորագրով սիկվել-փառատոն կազմակերպել՝ պարզ կդառնա ապրիլի 10–ին:

Փառատոնի նպատակն է արվեստի դաշտում նոր անունների և դեմքերի հայտնաբերումն ու նրանց դրսևորման համար
հարթակի տրամադրումը: Միջոցառումներն ամեն տարի ՆՓԱԿ-ի հեղինակներից մեկն է համադրում` ներդնելով
սեփական գաղափարախոսությունը, ընդ որում` ՆՓԱԿ-ի գեղարվեստական խորհուրդը գլխավոր նախագծի համադրողի
ընտրության հարցում նախապատվությունը տալիս է «սկսնակներին» և երիտասարդներին` չբացառելով փորձառու
համադրողների ու արտիստների ներկայությունը փառատոնում: Այս անգամ հերթը երիտասարդ արվեստագետ Գոռ
Ենգոյանինն է:

Գոռ Եգոյանն իր կոնցեպտում ներառել է կրիզիս բառի «Վիքիպեդիա»-ի բացատրությունը` «Կրիզիս–որոշում,
շրջադարձային կետ: Փոփոխվող ժամանակի իրավիճակ, որտեղ նպատակին հասնելու առկա միջոցները դառնում
են ոչ ադեկվատ, ինչի արդյունքում առաջանում են անկանխատեսելի իրավիճակներ և խնդիրներ: Կրիզիսն
առաջ է բերում թաքնված հակասություններ: Կարող է դիտարկվել որպես ֆենոմեն»: Հենց սա էլ կոչված է անել
Նորարար փորձառական արվեստի կենտրոնի կազմակերպած փառատոնը: «Կրիզիս բառը միշտ միանշանակորեն
բացասական իմաստով է ընկալվել: Ես ուզում եմ որոշակիորեն վերաիմաստավորել այն, որպեսզի հասարակությունը
խնդրահարույց իրավիճակում հնարավորություն տեսնի չընկճվելու և օգտագործելով այն` գործելու »,- ասում է Գոռ
Ենգոյանը:

«Ճգնաժամի հիմնը», «Շոկի դոկտրինը», «Տարիքային կրիզիս», «Կրիզիսից դուրս»` այս խորագրերի
ներքո արվեստագետներն իրենց կամքն ու ցանկությունն են արտահայտում, վերհանում խնդիրներ, կոչ անում
հասարակությանը, տեսակետ առաջարկում: Փառատոնին ներկայացված աշխատանքներն անդրադառնում են
հասարակական, քաղաքական կյանքին, քանի որ արվեստագետներից շատերը ակտիվորեն մասնակցում են երկրի
հասարակական կյանքին:

Գոռ Եգոյանն ափսոսում է, որ այս տարի չի հաջողվել ապահովել արտերկրի արվեստագետների
մասնակցությունը: «Հետաքրքիր առաջարկներ կային Ռումինիայից, Սլովենիայի ժամանակակից արվեստի
ինստիտուտներից մեկից, չստացվեց տեխնիկական, ֆինանսական պատճառներով: Փաստորեն, կազմակերպման ողջ
ընթացքը ևս կրիզիս է…»,- ասում է Գոռը:

Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն չորս ցուցահանդես, կինոդիտումներ, համերգներ, քննարկումներ:
Փառատոնի ձևաչափին համաձայն՝ միայն առանցքային միջոցառումն է ՆՓԱԿ-ի տարածքում կազմակերպվում,
այնպես որ՝ մոտակա օրերին պոստմոդեռնիզմը կհեղեղի Երևանը: Արվեստի այլընտրանքային փառատոնը կտևի
մինչև ապրիլի 28-ը: