Anonymous հաքերների նոր թիրախը Մեծ Բրիտանիայի կառավարական կայքերն են

Anonymous հաքերային խմբավորումը արգելափակել է Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարության կայքը: Իրենց միկրոբլոգում հաքերները հայտնում են, որ այս հարձակումը բողոք է՝ ինտերնետի վերահսկողությունը ուժեղացնելու կառավարության պլանների դեմ:

Anonymous-ը զգուշացրել է, որ պատրաստվում է հարձակման ենթարկել նաև մի շարք այլ կառավարական կայքեր:

Ինչպես հայտնում է BBC News-ը, հարձակումից մի քանի օր ավելի վաղ, Բրիտանիայի կառավարությունը հայտնել էր, որ մտադիր է նոր օրինագիծ ներկայացնել պառլամենտ, որը թույլ կտա դիտել քաղաքացիների էլեկտրոնային հասցեները՝ առանց հատուկ կարգի: Ըստ կառավարության, այս կերպ հնարավոր կլինի կանխել ահաբեկչությունները: Այս օրինագծին դեմ դուրս եկողները համարում են, որ վերջինս կոպիտ ներխուժում է մարդու անձնական կյանք:

2010թ-ից Anonymous հաքերային խմբավորումը հայտնի է իր մի շարք խոշոր հարձակումներով հայտնի ընկերությունների և կառավարական կայքերին ուղղված: Նրանց հաջողվել է կոտրել Sony ընկերության PlayStation համակարգը, Visa, Mastercard և PayPal վճարային համակարգերը, ԱՄՆ ՀԴԲ, Արդարադատության նախարարության, Սպիտակ Տան և մի շարք այլ կառույցեների կայքեր, այդ թվում նաև այլ երկրների նախարարությունների կայքեր: Anonymous-ի հարձակումներն իրենց մեկնաբանությամբ պայքար-բողոք է ինտերնետի գրաքննության դեմ: