Արաբական զինված խմբավորում՝ Մալիի հյուսիսում

Մալիի հյուսիս-արևելքում ստեղծվել է գրոհայինների նոր, արաբական խմբավորում, հաղորդում է France Press-ը՝ վկայակոչելով զինված նոր ձևավորման ներկայացուցիչներին։

Խմբավորման անդմաների թիվն առայժմ մոտ 500 է։ Այն ստացել է «Ազավադի ազգային ազատագրության ճակատ» (FLNA) անվանումը։ Խմբավորման առաջնորդ է դարձել Հուսեյն Խուլամը, որը մալիական բանակը դասալքած փոխգնդապետ է։

France Press-ը նշում է, որ FLNA-ն կազմված է բացառապես արաբներից, որոնք ապրում են Տիմբուկտու քաղաքի արվարձաններում։ Ըստ գործակալության՝ նոր զինված խմբավորումը ստեղծվել է աշխարհիկ սկզբունքով և կապված չէ տարածարշջանի այլ խմբավորումների՝ «Հանուն Ազավադի  ազատագրման շարժման» և իսլամիստական «Անսար ադ Դին» խմբավորման հետ։

FLNA-ի հիմնադիրների խոսքով՝ իրենց նպատակն է «ապահովել մարդկանց և նրանց սեփականության անվտանգությունը», ինչպես նաև հնարավորություն ստեղծել Ազավադում ամուր խաղաղության հաստատման շուրջ բանակցությունների համար։

Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ Մալիի հյուսիսում խռովություն բարձրացրած տուրեգները մարտի 22-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո էլ ավելի ակտիվացան։ Նրանց հաջողվեց գրավել մի շարք խոշոր քաղաքներ՝ Տիմբուկտուն, Գաոն և Կիդալը, որից հետո «Հանուն Ազավադի  ազատագրման շարժում»-ը հայտարարեց Ազավադ անկախ պետության ստեղծման մասին:

Մալիի պաշտոնանակ արված նախագահ Ամադու Թումանի Թուրեն ապրիլի սկզբին պաշտոնապես հայտարարեց պետության ղեկավարի պաշտոնը լքելու մասին։

Ռազմական հեղաշրջումն իրականացրած զինվորական խունտան ավելի վաղ՝ «Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համագործակցության» հետ ունեցած բանակցությունների արդյունքում, համաձայնել էր վերադարձնել իշխանությունը քաղաքացիական կառավարությանը, որը պետք է գլխավորի խորհրդարանի նախագահ Դիոնկունդա Տրաորեն։ Վերջինս 40 օրվա ընթացքում պետք է ընտրություններ կազմակերպի։

Առայժմ հայտնի չէ, թե քվեարկությունն ինչպես է տեղի ունենալու Մալիի հյուսիսում։