Անանի սիրիական ծրագիրը փակուղու՞մ

Սիրիայի իշխանությունները խախտում են բնակչության նկատմամբ բռնությունների դադարեցման իրենց պարտավորությունը։ Այսպիսի հայտարարություն է արել Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը։ «Ես ցնցված եմ Սիրիայի մի շարք քաղաքներում և բնակվայերորւմ բռնությունների դեպքերի ավելացմամբ, ինչը, իր հերթին, հանգեցրել է զոհերի և փախստականների թվի մեծացմանը», -ասված է Անանի՝ ՄԱԿ-ի մամուլի ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ։

Հատուկ բանագնացը հիշեցրել է նաև, որ ըստ իր ծրագրի՝ վաղը՝ ապրիլի10-ին, Սիրիայի իշխանությունները երկրի բնակավայրերից պետք է լիովին դուրս բերեն զինված ուժերը և դադարեցնեն բռնությունները, իսկ երկու օր անց՝  նույն կերպ պետք է վարվեն նաև ապստամբները։

Հիշեցնենք, որ Անանի՝ վեց կետից բաղկացած ծրագրով նախատեսվում է ոչ միայն զորքերի դուրսբերում և բռնությունների դադարեցում, այլև Սիրիա մարդասիրական կազմակերպությունների մուտք։

Մյուս կողմից Անանի ծրագիրը՝ կարծես փակուղի է մտնում, քանի որ պաշտոնական Դամասկոսը ապստամբների կողմից կրակի դադարեցման գրավոր երաշխիքներ, իսկ միջազգային հանրությունից՝ վերջիններիս ֆինանսավորման դադարեցում  է պահանջել։ «Մենք չենք ցանկանում, որ զինյալները կառավարության զորքերի դուրսբերումն օգտագործեն վերազինման և վերախմբավորման համար»,-ասել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալիմը։ Նա վաղը ժամանելու է Մոսկվա, որտեղ  Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավարովի հետ բանակցություններ կվարի Անանի ծրագրի իրագործման մանրամասների շուրջ։ Մի շարք փորձագետների կարծիքով՝ Ասադի գրավոր երաշխիքների պահանջի մասին հայտարարությունը պայմանավորված է ոչ միայն արտաքին, այլև ներքին գործոններով։ Այսպես՝ Սիրիայի նախագահը այս քայլով նպատակ ունի իր կողնակիցներին «հանգստացնել» այն հարցում, որ զորքերի դուրսբերումից հետո բռնություններ և արյունահեղություն չի լինի։