Բեռնանկե․ ֆինանսական աշխարհի կայունությունը սպառնալիքի տակ է

«Մեզ անհրաժեշտ է սեփական կապիտալի ավելի բարձր մակարդակ, և հենց սրան է ուղղված Բազելի համաձայնագրի երրորդ տարբերակը։ Սա անհրաժեշտ պայման է ֆինանսական կայունության ապահովման համար»,- ընդգծել է նա։

Այս հայտարարությունը կարելի է հասկանալ որպես պատասխան՝ անդրազգային խոշոր բանկերի շահերը լոբբինգի ենթարկող կազմակերպության՝ Միջազգային ֆինանսների ինստիտուտի նամակին։ Վերջինս ուղղված էր զարգացած երկրների կենտրոնական բանկերի նախագահներին և ֆինանսների նախարարներին և պահանջում էր հետաձգել Բազել III-ի կյանքի կոչումը։ Բանկիրների կարծիքով՝ սեփական կապիտալի և իրացվելիության նկատմամբ պահանջների խստացումը, ինչպես նաև ֆինանսական ինստիտուտների գործունեության ոլորտը սահմանափակող օրենքները, կխոչընդոտեն բիզնեսի և տնային տնտեսությունների վարկավորմանը, ինչն էլ իր հերթին կխոչընդոտի տնտեսական աճի վերականգնմանը։

ԴՊՀ ղեկավարը վստահ է, որ կայունության ապահովումը առաջնահերթ խնդիր է։ «Ճգնաժամի հասցրած հսկայական վնասը մեկ անգամ ևս ընդգծում է հնարավոր բոլոր միջոցառումների ընդունման կարևորությունը՝ թույլ չտալու համար ոչ վաղ անցյալի դեպքերի կրկնությունը»,- հավելել է Բեռնանկեն։

«Ֆինանսական ճգնաժամի կարևոր դասն այն է, որ ստվերային բանկերի գործունեության աճը, հնարավոր է, հանգեցնի ֆինանսական համակարգում և, ընդհանուր առմամբ, տնտեսությունում ցնցումների տարածման լրացուցիչ ալիքների ստեղծմանը»,- վստահ է ԱՄՆ-ի գլխավոր բանկիրը։

Բեռնանկեի կարծիքով՝ սթրես թեստերը կարևոր դեր կխաղան ֆինանսական համակարգի խոցելի հատվածների՝ ճիշտ ժամանակին բացահայտման համար։

Նոր ճգնաժամի առաջացման դեպքում ԴՊՀ-ն այլևս չունի համապատասխաան միջոցներ և գործիքներ՝ դրա դեմ պայքարի համար, զգուշացնում է Բեռնանկեն։

Մեկնաբանել