Րաֆֆի Հովհաննիսյան. «Մեր պետության որակը տալու է նոր սերունդը»

Այսօր «Սիվիլիթաս» hիմնադրամի «Հարյուր հարց, հարյուր պատասխան» քննարկումների շարքի հյուրն էր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Քննարկման թեման գալիք խորհրդարանական ընտրություններն էին:

Մոտ 1 տարի առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել էր, որ չի առաջադրվելու նախագահական ընտրություններում: Այն հարցին, թե արդյոք այս հայտարարությունը դեռ ուժի մե՞ջ է, «Ժառանգության» ղեկավարը պատասխանեց, որ նախընտրություն է տալիս նոր սերնդի ներկայացուցչի:

«Հայաստանի նոր սերունդը պետք է առաջ բերի նոր այլընտրանք, որին ես կզորակցեմ որպես ավագ քաղաքացի: Հույս ունեմ, որ մինչև ընտրությունները մենք կգտնենք Հայաստանը ներկայացնող նոր երիտասարդ այլընտրանք: Իսկ ես և իմ սերնդի ներկայացուցիչները կարող ենք պահուստային հանդես գալ»,-նշեց նա:

Ըստ «Ժառանգության» ղեկավարի՝ պետության որակն ապահովողը նոր սերունդն է. «Եիրտասարդ սերունդը սար է շրջելու մեր երկրում»։ Խոսելով խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակների մասին՝ նա կարծիք հայտնեց, որ ընտրացուցակները ուռճացված են։ «Բոլորս էլ գիտենք, որ ուռճացված են՝ ոչ միայն ներկա կամ բացակա լինելով, այլև սահմանադրական իրավունքի կոպիտ խախտմամբ: ՀՀ Սահմանադրությունը չի ճանաչում քաղաքացիների տարբեր տեսակներ, կամ քաղաքացի ես քո իրավունքներով կամ էլ քաղաքացի չես, և պետք է կապ չունենա, թե որտեղ ես»,- ընգծեց «Ժառանգության» ղեկավարը:

Ըստ նրա՝ ժողովրդավարությունը ոչ միայն բովանդակություն է, այլեւ ընթացակարգ: «Մենք ակնկալում ենք, որ միջազգային դիտորդների քննադատական մասնակցությամբ Հայաստանի քաղաքացու քվեն ի վերջո kհաղթի: Ես կարծում եմ՝ դա հեշտ չի տրվելու: Ազատ, արդատ ընտրություն նշանակում է օրենքի հարգում, հավասար մուտք դեպի քարոզչամիջոցներ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելեց, որ իշխող կուսակցությունը շփոթում է իր ինքնությունը հայոց պետականության զինանշանի ինքնության հետ: «Պետք է բացառել որևէ կուսակցության զինանշանի գոյությունը դպրոցներում կամ մշակութային պալատներում:

Պետք է բացառել կուսակցական ինքնության նույնականացումը մեր այսօրվա ինքնության հետ»,- ընգծեց նա և հավելեց, որ «ՀՀ-ի ազգային մեքենան» պետք է աշխատի անկախ նախագահի ով լինելուց:

Մեկնաբանել