«Գարուն»-ը և «Բոլերո»-ն` օպերային թատրոնի բեմում

Անվանի բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի ջանքերով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խաղացանկն ակտիվորեն նորացվում է, ընդ որում՝ յուրաքանչյուր պրեմիերա առանձնանում է նոր մոտեցմամբ։  Civilnet.am-ը զրուցել է բալետմայստերի հետ ապրիլի 14–ին կայանալիք պրեմիերաների և հայկական բալետի առանձնահատկությունների շուրջ:    

-Oրերս Ձեր երկու նոր աշխատանք կտեսնենք բեմում` Ռավելի «Բոլերոն» և Վիվալդիի «Գարուն»-ը, որոնք ճանաչված ստեղծագործություններ են:  «Բոլերոն» շատ անգամ է բեմադրվել, մինչդեռ Վիվալդիի «Տարվա եղանակներ»-ն այնքան էլ հայտնի չէ իբրև բալետ: Ինչո՞վ է տարբերվելու Ձեր բեմադրած «Բոլերոն», և ի՞նչ գաղափարներ եք ներդրել Վիվալդիի երաժշտությունը պատկերավորելու համար:

-«Բոլերո»-ն շատ հայտնի երաժշտություն է, և այս գործի մեր բեմադրությունը լրիվ նոր ընթերցում է: Հիմքում շատ հետաքրքիր` Ֆիբոնաչիի թվային զարգացման էներգետիկան եմ ներդրել:  Կատարելու  է տղաների խումբը, ինչը պիտի շեշտի այդ կուտակված էներգիան, դրա խաչը խորհրդանշող ուղղահայաց և հորիզոնական ուղղվածությունը: Կոնֆլիկտը հենց սրա մեջ է: Որոշ շարժումներ իսպանական պար են հիշեցնում, օգտագործել եմ նաև արևելյան մարտաձևերին հատուկ շարժումներ, որոնք կընդգծեն առնականությունը:

Ինչ վերաբերում է Վիվալդիին, ապա, այո, այն շատ ավելի քիչ է բեմադրվում, սակայն բեմադրվում է, հատկապես առաջին մասը` «Գարուն»-ը: Այս գործի հիմքում Բոտիչելիի համանուն գեղանկարն է: Ըստ արվեստագետների՝ կտավում աջից դեպի ձախ դասավորված ֆիգուրները խորհրդանշում են նյութական աշխարհի զարգացումը, փոխակերպումը հոգևոր աշխարհի: Բայց Վիվալդիի մեկնաբանությունը շատ ավելի թեթև է, հումորային: Այս երկու բալետներն էլ մի գործողությամբ կներկայացվեն, «Գարուն»-ը աղջիկները կպարեն՝ հավասարակշռելով տղաների կատարումը:  

-Վերջին տարիներին խաղացանկի թարմացման «բեռը» Ձեր ուսերին է: Հերթափոխ պատրաստու՞մ եք, կա՞ն երիտասարդ խորեոգրաֆներ:

-Դա շատ կարևոր հանգամանք է, քանի որ չեն եղել բալետմայստերներ: Ասեմ, որ հաջորդ մեր համերգը` բալետի երեկոն, երիտասարդ խորեոգրաֆների ուժերով կներկայացնենք: Նրանք արդեն երկու ամիս աշխատում են իմ ղեկավարությամբ: Պատրաստում ենք երիտասարդ խորեոգրաֆների՝ հույս ունենալով, որ քաջատեղյակ լինելով համաշխարհային բալետի զարգացումներից՝ նրանք նույնը կիրագործեն մեր թատոնում` հայկական խառնվածքով:

-Գոյություն ունի՞ «հայկական բալետ» եզրը` հայկական պարարվեստին հատուկ պլաստիկա, խորեոգրաֆիա:

-Բարդ հարց է, որովհետև մինչև այսօր փորձում են հասկանալ՝ ինչ բան է ազգային բալետ: Դա, իհարկե, վերնագիրը  չէ, երբ հայկական անվան տակ ներկայացնում են հավաքական շարժումներ` տրանսֆորմացված ազգագրականից, ֆոլկլորից: Կան շարժումներ, որոնք կենցաղից են եկել ու մուտք գործել բալետ իբրև ժեստ: Այս պարագայում կարող է տարբերություն լինել, քանի որ հայերը, օրինակ, շատ ավելի էմոցիոնալ են: Բայց այս ամենը հղկվել է ժամանակի ընթացքում: Ես միշտ այսպես եմ պատկերացրել` ազգայինը, ֆոլկլորը հիմքն են, որի վրա մաքրվելով աճել է բալետը և դարձել համամարդկային շարժումների հավաքածու: Բացի կենցաղային շարժումներից գոյություն ունեն նաև շատ ավելի հին շարժումներ, որոնք մի քանի հազար տարվա պատմություն ունեն: Բալետի դպրոցում հիմա գաղտնի դպրոցներից եկած շարժումներ կան, օրինակ՝ առաջին դիրքը, երկրորդ դիրքը և այլն, որոնք ի սկզբանե նպաստում էին տիեզերքի հետ մարմնի կապի ստեղծմանը: Այսօր մենք առանց հասկանալու ենք դրանք կատարում, բայց համոզված եմ, որ շարունակում են ծառայել նույն նպատակի` կապելով պարողին հանդիսատեսի և միևնույն ժամանակ տիեզերքի հետ: Ազգայինը կարող է սյուժեի մեջ լինել, գաղափարի, որն այդ նույն շարժումներով է զարգացվելու: Շարժումները նույնն են: Միակ երանգավորումը  պարողի  վերաբերմունքն է, էմոցիոնալ շարքը:    

-Ժամանակին Ձեր անունը չէր իջնում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պաստառներից` իբրև պարող զբաղված էիք գրեթե բոլոր բեմադրություններում: Ինչպիսի՞ն էր պարողից ուսուցչի անցումը:

-Իմ անցումը շատ սահուն եղավ, որովհետև դեռ երիտասարդ տարիքում ինձ հետաքրքրում էր բեմադրելը: Երբ կատարում ես, ստացվում է, որ ինչ-որ մեկի մեկնաբանությանն ես ենթարկվում: Քո զգացական, էմոցիոնալ մոտեցումները բերելով, միևնույն է, դու միայն կատարողն ես։ 1970թ.ես սկսեցի ինքս բեմադրել: Ստեղծեցի Հայաստանի երկրորդ բալետային խումբը, որը կոչվում էր «Կամերային բալետ»: Այս խմբով մենք անդրադառնում էինք աշխարհում այն ժամանակ նոր ուղղություններին: Իհարկե, հաճախ թույլ չէին տալիս ցուցադրել, որովհետև գաղափարախոսություն կար, սահմանափակումներ կային: Հետո սկսեցին ցուցադրել Մոսկվայի հեռուստատեսությամբ` որպես ավանգարդ գործեր:

Գիտեմ, որ բեմից հեռանալը պիտի որ  ծանր լիներ, բայց ես շատ զբաղված էի, և երբ ժամանակ եկավ ընտրություն  կատարելու, հեշտ վերապրեցի: Հետաքրքիր էր ինձ համար: