ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը շնորհավորել է նախարար Այվազյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս համատեքստում ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նոյեմբերի 10-ի համատեղ եռակողմ հայտարարության գործնական կիրառման և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մանրամասներին:

ԱԳ նախարարները քննարկել են նաև Արցախում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև նախօրեին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպմանը:

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական համագործակցության առաջիկա ժամանակացույցի շուրջ։

Մեկնաբանել