Արցախի ՄԻՊ գրասենյակը տեսանյութերից առանձնացրել է մոտ 60 ռազմագերի

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ գրասենյակն անընդհատ թարմացնում է գերիների վերաբերյալ ցանկերը։

«Գիշեր-ցերեկ անընդհատ թարմացնում ենք գերիների վերաբերյալ մեր ցանկերը՝ հրապարակված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա: ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չենք կարողացել պարզել: Էլ չեմ նշում վկայությունների, զանգերի և այլ ապացույցների հիման վրա հավաքագրվող տվյալները:

Առանձին փաստահավաք գործունեություն ենք իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի:

Հավաքագրված բոլոր տվյալները պարբերաբար փոխանցում ենք պետական ու միջազգային լիազոր մարմիններին՝ ակնկալելով արդյունավետ աշխատանք գերիների իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման ուղղությամբ: Հատուկ համագործակցություն ունենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և անհատ փաստաբանների հետ՝ տվյալների փոխանակման ու այլ համապատասխան գործընթացների հարցում»,- գրել է Բեգլարյանը:

***

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտնել է, որ անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների մարմինները հարազատներին փոխանցելու հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում։

Դեկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ գերիների փոխանակման՝ «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքով։ Այս առաջարկը Բաքուն բազմիցս հնչեցրել էր մինչև արցախյան վերջին պատերազմը։

Այն ժամանակ առաջարկի հիմքում ընկած էր Ադրբեջանի, մասնավորապես, նախագահ Իլհամ Ալիևի ձգտումը՝ վերադարձնել դիվերսանտներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին։

Գաղափարը 2019թ․ սեպտեմբերին մեկնաբանել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ մերժելով փոխանակման սկզբունքը և շեշտելով, որ «դա ճիշտ մոտեցում չէ առնվազն պաշտպանության նախարարի կողմից»։

«Ես աշխատում եմ, որպեսզի վերադարձնեմ իմ քաղաքացիներին Հայաստան»,- ասել էր Տոնոյանը։

Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, ունենալով զենք ու զինամթերք, 2014թ․ հունիսի 29-ին հետախուզական գործողությունների նպատակով ապօրինաբար հատել էին ԼՂ սահմանը և ներխուժել Շահումյանի շրջանի տարածք: Դիլհամ Ասկերովը ԼՂՀ դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, լրտեսության մեղադրանքներով։

Բաքուն կրկին առաջարկում է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում

Մեկնաբանել