Անկոտրում Մարտունին. պատերազմի օրագրից՝ մաս 6-րդ

Պատերազմի 44 օրերին ՍիվիլՆեթի իմ գործընկերների հետ մի քանի անգամ ենք եղել Մարտունիում: Այս ուղղությունը ամենաինտենսիվն էր հրթիռակոծվում, բայց ամենաամուրներից էր պաշտպանվում: Քաղաքացիական առաջին զոհերը եղան հենց այս քաղաքում:

Հոկտեմբերի 1-ի առավոտյան իմ գործընկերներ Անի Փայտյանի, Անժելիկա Զաքարյանի, Հակոբ Մանուկյանի և Լևոն Արշակյանի հետ Ստեփանակերտից ուղևորվեցինք Մարտունի: Չի եղել պատերազմի մեկ օր անգամ, որ ՍիվիլՆեթը առնվազն երկու հոգի չունենա Արցախում: Սովորաբար 4-5 հոգով էինք լինում:

Հասնելով Մարտունի՝ մենք ուղևորվեցինք քաղաքի վերջնամասը, որտեղ սեպտեմբերի 27-ի առավոտյան ռմբակոծության հետևանքով զոհվել էին աղջնակ ու մի կին: Պատերազմի չորրորդ օրն էր, և արդեն քաղաքացիական բնակչություն գրեթե չէր մնացել: Իմ մեքենան կանգնեց ռմբակոծված տան մոտ: Մենք ձայն տվեցինք.

– Ո՜վ կա տանը:  

Մարդ չկար: Ներս մտանք երկաթե կիսաբաց դարպասներից, բարձրացանք տուն: Ռումբը կամ հրթիռը վաղ առավոտյան ընկել էր ուղիղ տան կենտրոնում: Այս տանը կյանքը կանգ էր առել: Անկողինները հավաքված չէին: Խոհանոցում գազօջախի վրա թեյնիկն սպասում էր: Դրսում տակառների մեջ խմորվող խաղողը պատրաստ էր օղի դառնալուն: Փոքր երեխայի կոշիկների վրա աշնանային դեղնող տերևներ էին թափվել: Հարևանի տան բակում ընտանի կենդանիներ կային, բայց կերակրող չկար:

Հակոբն ու Լևոնը նկարահանում էին, Անժելիկան՝ լուսանկարում, Անին՝ ուսումնասիրում տարօրինակ շրջապատը: Ես թողեցի նրանց և քայլեցի դեպի քաղաքի կենտրոնական հատված, որտեղից լսվում էին խոսակցության ձայներ: Մեզ մարդ էր պետք, որ հարցեր տայինք: Այդպես են լրագրողները: Ամենուր մարդ են փնտրում իրենց ռեպորտաժի համար:

Մի քանի հարյուր մետր էի հեռացել, երբ մի տան բակում միանգամից հինգ հոգի կար: Դա լրագրողական բախտի և լավ ռեպորտաժ ունենալու նշան էր: Բացեցի դարպասի դուռը, հեռվից բարևեցի, ասացի, որ լրագրող եմ և ասացի, որ ուզում եմ հարցեր տալ սեպտեմբերի 27-ի ռմբակոծության ու զոհերի մասին: Մարդիկ պատրաստվում էին ճաշի կամ նախաճաշի: Ինձ էլ հրավիրեցին: Ասացի, որ նախաճաշել եմ, բարի ախորժակ ասացի և պայմանավորվեցինք, որ 15-20 րոպե հետո կմոտենանք և կնկարահանենք:

Նոր էի հասել գործընկերներիս մոտ, երբ լսվեց Գրադի համազարկ: Մեր նկարահանած ռեպորտաժում պարզ երևում է, թե ինչպես ենք խառնվում իրար: Ես չկամ տեսանյութի այդ հատվածում, որովհետև դեռ չէի մոտեցել գործընկերներիս: Հենց լսեցի համազարկը, անմիջապես պառկեցի գետնին և ձեռքերով պահեցի գլուխս:

Շատ ծիծաղելի տեսարան էր, որի միակ գործող անձն ու ականատեսը ես էի: Հետո փորձեցի հեռախոսս հանել գրպանից ու նկարել մի քանի հարյուր մետր հեռավորության վրա բարձրացող ծխի քուլաները: Ապա լսեցի Լևոնի ձայնը.

– Շո՛ւտ արեք, նստե՛ք մեքենան:

Այդպես էլ արեցինք և արագ դուրս եկանք քաղաքից: Կենտրոնում տեսանք վազող ոստիկանի, որի հարևանությամբ ռումբ էր ընկել: Երբ դուրս եկանք քաղաքից, փոքր հեռավորության վրա կանգ առանք և նայում էինք հրթիռակոծված Մարտունուն:

Ստեփանակերտ չհասած՝ մենք իմացանք, որ այդ նույն պահին Մարտունիում հայ և օտարերկրյա լրագրողներ են վիրավորվել, իսկ նրանց տեղափոխող տեղացի երիտասարդ տաքսու վարորդը զոհվել է: Մեզ պետք էր շտապ տեսանյութ ունենալ ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողների մասին՝ հայերենով, բայց առաջին հերթին՝ ֆրանսերենով: Անին Բելգիայում է մեծացել և նրա մայրենին փաստացի ֆրանսերենն է:

Ես զանգահարեցի Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանին և խնդրեցի, որ հնարավորինս շուտ օգնի, որ մենք մտնենք կենտրոնական հիվանդանոցի վիրահատարան: Երբ հասանք հիվանդանոց և իջանք ներքնահարկ, Լը Մոնդի թղթակցին վիրահատում էին: Այդ ամենը մենք լուսանկարեցինք և նկարահանեցինք:

Չափազանց հուզված էի, հազիվ էի զսպում ինձ, երբ զրուցում էի վիրահատող բժշկի հետ: Պատերազմը մարդուն դարձնում է էմոցիոնալ: Հայ բժիշկները փրկեցին ֆրանսիացի լրագրողների կյանքը:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 2-ի առավոտյան, Հակոբի հետ կրկին ուղևորվեցինք Մարտունի, որպեսզի ավելի հանգիստ պայմաններում նկարենք նախօրեի հրետակոծության ավերը: Հենց հասանք քաղաքի կենտրոն, կրկին սկսվեց ռմբակոծումը: Շատ կարճ նկարեցինք և դուրս եկանք, քանի որ վտանգավոր էր աշխատել: Մենք ուղևորվեցինք դեպի Գիշի և Ճարտար, նկարահանումներ արեցինք Ճարտարում, զրուցեցինք առաջնագծի համար հաց թխող կանանց հետ, ապա վերադարձին կրկին մտանք Մարտունի:

Չորրորդ անգամ Մարտունի մեկնեցի նոյեմբերի 11-ին՝ Լևոն Արշակյանի հետ: Նախօրեին ստորագրվել էր եռակողմ հայտարարությունը, որով պատերազմը ավարտվել էր: Արդեն պարզ էր, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվելու, կրակի վտանգ չկար, քանի որ Ադրբեջանը ստացել էր ամեն ինչ, իսկ մենք պարտված էինք:

Մենք նկարեցինք ֆուտբոլի մարզադաշտը, որտեղ ընկած արկը մեծ փոս էր գոյացրել: Ճանապարհին հանդիպեցի դիրքերից վերադարձող կամավորների:

– Բարի օր ձեզ,- ասացի: -Նկարե՞մ ձեզ:

– Նկարի,- ասացին նրանք միմյանց հերթ չտալով և կանգնեցին նկարվելու համար:

Հինգ հոգի էին, տարբեր տարիքի:

Հարցրեցի.

– Ո՞նց եք, ո՞նց կռվեցիք, գո՞հ եք:

Հավանաբար կոռեկտ չէր հարցս, բայց պատասխանեցին:

– Որ տուն ենք գնում, ուրեմն լավ ենք,- ասաց նրանցից մեկը:

Ապա եղանք մի զինվորականի տանը, որի վրա չորս արկ և հրթիռ էր ընկել և հարմարավետ, նորակառույց տունը տակնուվրա էր արել: Քայլեցինք քաղաքում, նկարեցինք ավերված տներ, շենքեր, փողոցներ:

Արցախից վերադառնալուց հետո ես մեկնեցի հայրենի տուն՝ Նոյեմբերյան: Քաղաքապետարանի աշխատակիցներից Սեյրան Մամյանը ինձ զանգահարել էր և ասել, որ մի քանի միլիոն դրամ գումար ունեն հավաքած, քաղաքն ուզում է օգնել Արցախի ավերված բնակավայրերից մեկի վերականգնմանը: Հանդիպեցինք քաղաքապետարանում: Համայնքապետ Կարեն Աբազյանին ասացի, որ Արցախում իմ տեսած ամենատխուր պատկերը Մարտունիում է: Սուրճի շուրջ զրուցեցինք, թե ինչպես կարող են օգնել: Ընդհանուր նկարագրեցի իրավիճակը: Երբ ասացի, որ քաղաքի փողոցային լուսավորության լարերն են անգամ ամբողջապես վնասվել կարկուտի նման թափվող հրթիռներից, համայնքապետն ու աշխատակիցները ասացին, որ իրենք լավ են էլեկտրականությունից, շատ լավ մասնագետներ ունեն և կարող են վերականգնել Մարտունու փողոցային լուսավորութունը:

Զանգահարեցի Մասիս Մայիլյանին: Նա ինձ կապեց Արցախէներգոյի տնօրենի հետ, ապա համայնքապետ Կարեն Աբազյանը կազմակերպեց 12 հոգանոց նոյեմբերյանցի մասնագետների այցը Մարտունի: Նոյեմբերի 23-ի վաղ առավոտյան Սեյրան Մամյանի ղեկավարությամբ նրանց ճանապարհեցինք Արցախ:

Հինգ օրերի ընթացքում խումբը վերականգնեց Մարտունի քաղաքի էլեկտրականության ներքին ցանցը, փողոցային լուսավորությունը, բարեկարգեց մշակույթի պալատը, վերանորոգեց և տեղադրեց քաղաքի լուսակիրները։ Նրանք նաև մաքրել էին Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի արձանի շրջակայքը։

Մարտունին ամուր և անկոտրում քաղաք է: Մարտունու ուղղությամբ հայկական զորքերը ծանր մարտեր մղեցին սեպտեմբերի 27-ի առավոտից մինչև նոյեմբերի 9-ի զինադադարի օրը:

Թաթուլ Հակոբյան