Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջել են վարչապետի հրաժարականը

Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները հանդես են եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Հայտարարության մեջ նշված է, որ «Սյունիքի համար ճակատագրական այս օրերին բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան և չլուծված»։

«Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, տնտեսական ու հումանիտար բազում խնդիրներ, որոնց լուծման բեռը շարունակում է մնալ համայնքների ուսերին և իրականացվում է պատվով։ Այս ամենի համատեքստում, նույնիսկ ամենափոքր թվացող հարցերը չեն լուծվում պետական մակարդակում, քանի որ կառավարման ամբողջ համակարգն այս օրերին անգործության է մատնված։ Թշնամին հասել է Սյունիքի դարպասները։

Այս պահին մեր գերխնդիրը Սյունիքի պաշտպանությունն է, բնակչության անվտանգության ապահովումը։ Յուրաքանչյուր րոպեն թանկ է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Սա քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության, Սյունիքի բնակչության անվտանգության ապահովման հարցն է։ Մենք հասկանում ենք, որ վաղը կարող է շատ ուշ լինել, ուստի այս փուլում կարող և նվիրյալ ուժեր են պետք, որոնք պետք է գործեն հանուն Սյունիքի փրկության, երկիրն աղետալի վիճակից հանելու տրամաբանությամբ։ Այսպիսով, պետք է բոլորս ոտքի կանգնենք և ոչ ասենք այս կործանարար իրավիճակին»,- ասված է հայտարարության մեջ։

Պահանջին միացել են Կապան համայնքի ղեկավար՝ Գևորգ Փարսյանը և ավագանու անդամներ, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը և ավագանու անդամներ, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և ավագանու անդամներ, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը և ավագանու անդամները, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և ավագանու անդամները, Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը ու ավագանու անդամներ:

Մեկնաբանել