Ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չէ հանել օրակարգից․ Արա Այվազյան 

Ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չէ հանել օրակարգից, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը Փարիզում դեկտեմբերի 8-ին իր ֆրանսիացի պաշտոնակից Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսին։

Լրագրողի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունները վերականգնելու և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը սահմանելու մասին հարցին Արա Այվազյանը պատասխանել է․

«Ինքնորոշման իրավունքը եղել է բանակցային գործընթացի հիմնասյուներից մեկը, և ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չէ հանել օրակարգից: Ադրբեջանը և Թուրքիան, սկսելով ռազմական ագրեսիան Արցախի ինքնորոշման դեմ, խախտել են միջազգային իրենց պարտավորությունները, իսկ Ադրբեջանը խախտել է նաև խաղաղ բանակցային գործընթացի իր պարտականությունները:

Սեպտեմբերի 27-ից ի վեր մինչ օրս, միջազգային հանրության մոտ ընկալման նոր ջրբաժան տեղի ունեցավ, որովհետև միջազգային հանրությունը հասկացավ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սոսկ տարածքային վեճ չէ: Եվ Արցախի բոլոր այն հատվածներում, որոնք անցան Ադրբեջանի հսկողության տակ, տեղի ունեցան էթնիկ զտումներ և ռազմական հանցագործություններ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է անհրաժեշտությունն անդրադառնալ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: Միայն այդ դեպքում, ինձ թվում է, հնարավոր է հասնել տևական և արդար խաղաղության,  և միայն այդ ժամանակ կարելի է մտածել Հարավային Կովկասում խաղաղ գոյատևման և նոր ժամանակաշրջանի մասին»:

Աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ կայքը