ՄԱԿ-ի կանոնը մեզ համար չդարձավ իրական կյանքում իրական մարդուն պաշտպանող սկզբունք. Արման Թաթոյանի և Արտակ Բեգլարյանի ուղերձները

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության օրն է։ 1948-ին ՄԱԿ-ը ընդունել է Մարդու իրավունքների ընդհանուր հռչակագիրը։ Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է կատարել ֆեյսբուքում։

«2020 թվականն ուղեկցվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից մեր հայրենակիցների իրավունքների հիմնարար համատարած ու համակարգային խախտումներով, տեղի ունեցան դաժանություններ, խոշտանգումներ ու անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր միայն այն պատճառով, որ նրանք հայ են: Ցավոք, այս ամենը միջազգային քաղաքակիրթ հանրությունը դեռ պատշաճ գնահատականի չի արժանացրել, իսկ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» հռչակած «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» կանոնը մեզ համար չդարձավ իրական կյանքում իրական մարդուն պաշտպանող սկզբունք:

Յուրաքանչյուրս պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի լիարժեք պաշտպանենք մեր հայրենակիցների իրավունքները թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս»,- գրել է նա։

Օրվա առթիվ ուղերձ է հղել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Դեկտեմբերի 10-ին աշխարհը տոնում է մարդու իրավունքների միջազգային օրը, իսկ Արցախի Հանրապետությունը՝ նաև անկախության ու սահմանադրական հանրաքվեների օրերը: Դա նշանակում է, որ Արցախի բնակիչների համար դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների եռատոն է՝ հենված համամարդկային ու ազգային արժեհամակարգի ու երազանքների վրա:

44 օր շարունակ աշխարհը փաստացի միջազգային անտարբերության ու անգործության պայմաններում ականատես եղավ ադրբեջանա-թուրքական զինված ուժերի եւ ահաբեկչական խմբավորումների կողմից Արցախի խաղաղ բնակչության եւ զինծառայողների իրավունքների զանգվածային ու կոպիտ ոտնահարումներին: 44 օր շարունակ յուրաքանչյուր օր միջազգային հանրության անտարբերության եւ թողտվության հետեւանքով մարում էր հայ ժողովրդի հավատը՝ մարդու իրավունքների համընդհանրության եւ հավասարության նկատմամբ: 44 օր շարունակ հայ ժողովրդի անվտանգության ու իրավունքների միակ երաշխավորը հայ զինվորն էր, այլ ոչ թե մարդու իրավունքների համընդհանրություն հռչակող միջազգային հանրությունը»,- նշել է Արցախի ՄԻՊ-ը:

Նրա խոսքով՝ արցախը շարունակելու է պայքարը իր իրավունքների ճանաչման և պաշտպանության համար։

Մեկնաբանել