Ալիևն ու Էրդողանը ելույթներով են հանդես եկել Բաքվի զորահանդեսին

Դեկտեմբերի 10-ին Բաքվում անցկացվել է է հաղթանակին նվիրված զորահանդես, որին մասնակցում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Զորահանդեսում ներգրավված էր ավելի քան երեք հազար զինծառայող, ցուցադրվել է մինչև 150 միավոր ռազմական տեխնիկա։ Ալիևն ու Էրդողանը զորահանդեսից  անմիջապես առաջ ելույթով են հանդես եկել։

Ադրբեջանի նախագահը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է Ադրբեջանի բնակչությանը տոնի կապակցությամբ՝ նշելով, որ պատմական «արդարությունը» վերջապես վերականգնվել է, քանի որ Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի անքակտելի մասն է»:

Ալիևի համոզմամբ՝ բոլոր միջազգային կառույցները այս տարիների ընթացքում աջակցել են Հայաստանի «զավթողական քաղաքականությանը», իսկ այժմ միջազգային հանրությունը կարող է «տեսնել», որ «դրանք ադրբեջանական տարածքներ են»: Ալիևը նշել է, որ 80-ականների վերջին և 90-ականների սկզբին բազմաթիվ ադրբեջանցիներ «հալածվել են» հայերի կողմից, որի հետևանքով իր ժողովուրդը «էթնիկ զտման է ենթարկվել Գոյջայի, Զանգեզուրի, Երևանի շրջաններում, իսկ այնուհետև՝ Ղարաբաղում, որոնք պատմականորեն ադրբեջանական տարածքներ են, քանի որ դարեր շարունակ այդ հողերում ապրել են ադրբեջանցիներ»։

Ալիևը հայտարարել է, որ պատերազմը բանակցությունների խաթարման և տապալման արդյունք էր, որի վառ ապացույցը, ըստ Ալիևի, Հայաստանի ղեկավարի «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» արտահայտությունն էր: Ալիևը դա համարել է անընդունելի, քանի որ այն հակասել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին և դրանով Հայաստանը իրեն միջազգային իրավունքից դուրս է դրել: 

Ադրբեջանի ղեկավարը «հիշեցրել է», որ դեռևս սեպտեմբերին է ՄԱԿ-ին հայտնել Հայաստանի հնարավոր «հարձակման» մասին: Ալիևը նշել է, թե դա անակնկալ չէր, քանի որ հայկական կողմը դեռևս հուլիսին էր նոր ագրեսիա սանձազերծել՝ ձգտելով «նվաճել» նոր տարածքներ: Ըստ Ալիևի՝ օգոստոսին հայկական կողմից դիվերսիայի կազմակերպումը նույնպես այդ տրաաբանությամբ է տեղի ունեցել: 

Ալիևը հատկապես կարևորել է Շուշիի գրավումը՝ ընդգծելով, որ այն ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ առաջինն էր գրավվել հայկական ուժերի կողմից, իսկ ադրբեջանական բանակը դրանով վերջակետ է դրել՝ ստիպելով «թշնամուն» համակերպվել կապիտուլացիոն համաձայնությանը:

Ալիևը, գովելով Ադրբեջանի բանակը,  հայտարարել է, որ ինքն անձամբ բազմիցս նշել է այն մասին, որ Ադրբեջանի ժողովուրդն ունի համբերություն և բանակցություններում անհաջողությունը կնշանակի նոր պատերազմի վերսկսում: Ալիևի խոսքերով՝ պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմից գեթ մեկ «փախչող» չի եղել, իսկ հայկական բանակում այն «համատարած» բնույթ է կրել:

Ալիևը, զորահանդեսի անցկացումը «պատմական իրադարձություն» անվանելով, ելույթը ավարտել է՝ «կեցցե Ադրբեջանը», «կեցցե Ադբրեջան-Թուրքիա բարեկամությունը», «կեցցե Ադրբեջանի զինվորը» կոչերով:

Ալիևից հետո ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախ ողջունել է ներկաներին և հատկապես Ադրբեջանի նախագահին: Էրդողանը նշել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին «վայելում է» 44-օրյա պատերազմի արդյունքները, որով վերջ է դրվել շուրջ 30 տարվա «օկուպացիային», ինչի կապակցությամբ «համբուրում է բոլոր ազատագրողների ձեռքերը»: Էրդողանի համոզմամբ՝ այդ հաղթանակը մեծ նվաճում էր Ադրբեջանի համար թե՛ ռազմի դաշտում, թե՛ դիվանագիտական հարթությունում, և Ադրբեջանը իրականացրել է Հեյդար Ալիևի «վաղեմի երազանքը»: Այդ համատեքստում նա վկայակոչել է ավագ Ալիևի՝ «մեկ ազգ երկու պետությունը»՝ դրան հավելելով Աթաթուրքի համանման հայտնի արտահայտությունը:

Էրդողանը ելույթի ընթացքում խոսել է «հայկական վայրագություններից», քննադատել է հայկական իշխանություններին՝ ադրբեջանական խաղաղ բնակավայրերը «թիրախավորելու» համար: 

Էրդողանը շեշտել է, որ Ադբրեջանի «տարածքային ամբողջականությունը վերականգնվել է», ինչը նոր զարգացումների հնարավորություն է տալիս: Այդ կապակցությամբ նա նաև հիշատակել է Նուրի Փաշային, Էնվեր Փաշային՝ մաղթելով, որ նրանց հոգիներին հանգստություն իջնի:

Ելույթի վերջում Թուրքիայի նախագահը ասել է, որ իր երկրի նպատակը այդ բոլոր գրվավյալ շրջանների զարգացումն է, որի համար Ադրբեջանն ու Թուրքիան պետք է «սերտ կապերով բարգավաճեն»: Նրա խոսքով՝ «տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի, եթե Հայաստանում մարդիկ դասեր քաղեն տեղի ունեցածից»։

Գեորգի Միրզաբեկյան