Վազգեն Մանուկյանն ունի ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու փորձ․ Ծառուկյան

««Հայրենիքի փրկության շարժման» ստեղծումը ճիշտ քայլ է, քանի որ համախմբված ուժերով միայն հնարավոր է լուծել կապիտուլյացիոն ակտի, տնտեսական խնդիրների հարցերը՝ անկախ կուսակցական պատկանելությունից». այսպիսի կարծիք է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ «որևէ քաղաքական ուժ չի կարող այսօր հայրենիքի փրկությունն իր վրա վերցնել, ահավոր ծանր է, և բոլորը պետք է այսօր միասնական կարողանան այս խնդիրները լուծել»։

Խոսելով շարժման կողմից առաջարկած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի մասին՝ նա ասել է․ «Ես իմ համաձայնությունը տվել եմ  նրա թեկնածությանը: Վազգեն Մանուկյանը, ով մասնակցել է անկախ պետության ստեղծմանը, եղել է վարչապետ, եղել է Պաշտպանության նախարար և նա ունի ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու փորձը»,- ասել է նա։

Հարցին, թե ինչո՞ւ իր թեկնածությունը չի առաջադրում, Ծառուկյանը պատասխանել է, որ դա իր «անձնական որոշումն է, սակայն հետագայում առիթ կլինի այդ թեմայով խոսելու»։ 

Այս կառավարության մնալու դեպքում, ըստ Ծառուկյանի, «Արցախի ճակատագիրը սպառնում է նաև Հայաստանին»։ 

«Անդունդի մեջ ենք. քայլ պետք է կատարենք, փոփոխություններ են պետք, որ իրավիճակից դուրս գանք։ Պետք է իշխանության գա մեկը, որը երկիրն այս իրավիճակից դուրս կբերի»,– ասել է Ծառուկյանը։