Օրենքի բացերի պատճառով ավտոներկրող խոշոր ընկերություները հնարավորություն են ստանում չմուծել հարկերը. փաատաբան

Փաստաբան Տիգրան Ղազարյանը վստահ է՝ ավտոներկրման ոլորտում առկա են բացեր, որոնք թույլ են տալիս ավտոներկրողներին չմուծել հարկերը։

ՍիվիլՆեթի հետ զրույցում նա հայտնեց, որ իր վստահորդը ամիսներ առաջ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել իրավապահներին այն մասին, որ «ԴՈԴՋ» մակնիշի ավտոմեքենաներ ներմուծող «Ֆայն քարս օֆ Արմենիա» ՍՊԸ-ն «ՊԵԿ-ի որոշ աշխատակիցների աջակցությամբ խուսափել է և շարունակում է խուսափել առանձնապես խոշոր չափերի հարկերի և տուրքերի վճարումից»։

«ՊԵԿ-ի թողտվության արդյունքում ավտոներկրող ընկերությունները հնարավորություն են ստանում ներկրել ավտոմեքենա, այն տեղափոխել ավտոսրահ վաճառելու և փաստացի իրականացնել վաճառք, և այս ամենը այն պատրվակով, թե իբրև ավտոմեքենան տարվում է ներկրողի պահպանման վայրում պահպանվելու, այն էլ առանց որևէ ժամանակային սահմանափակման։ Արդյունքում չկարողանալով վաճառել ներկրված ավտոմեքենաները՝ ներկրողը դիմել է արտահանման համար և արտահանել առանց համապատասխան հարկեր ու տուրքեր վճարելու»,- հայտնեց Ղազարյանը։

Նա նաև հաղորդեց, որ դիմել են ՊԵԿ-ին, ինչպես նաև իրավասու մյուս մարմիններին։

«ՊԵԿ-ից ստացված պատասխանի վերլուծությունից կարելի է եզրահանգել, որ Հայաստանի Հանրապետության (ԵԱՏՄ) մաքսային տարածք կարելի է ավտոմեքենաներ ներմուծել, դրանց համար կիրառելի հարկերը և տուրքերը չվճարել, մաքսային մարմնի գիտությամբ դրանք տեղափոխել խանութ-սրահ կամ ավտոշուկա, առաջարկել վաճառքի, վաճառքի պայմանագիրը կնքելուց հետո վերցնել գումարը կանխավճարով, գնալ մաքսային մարմին և բոլոր չկատարված վճարումները ամիսներ կամ տարիներ անց կատարել, թեկուզ և ինչ որ տուգանք վճարելով, որից հետո ավտոմեքենայի նկատմամբ սեփականության իրավունքը վերջնական փոխանցել գնորդին»։

Ընդ որում, ըստ փաստաբանի, նշված ընթացակարգի համար, հոգ չէ, որ անցած կլինի մեկ տարի և ավելի։ Նրա խոսքով՝ եթե մեքենան չվաճառվի, ապա ներկրողը կարող է այն արտահանել երկրից առանց մաքսազերծման կամ էլ մեկ տարի հետո տեղափոխել մաքսային պահեստ։

Այս պարզաբանման համատեքստում նա կարծում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներկրել ավտոմեքենա, այն տանել ավտոսրահ վաճառելու և փաստացի իրականացնել վաճառք, և այս ամենը այն պատրվակով, թե մեքենան տարվում է պահպանման վայր՝ այն էլ առանց որևէ ժամանակային սահմանափակման։ Հետագայում, եթե վաճառք տեղի չունենա, քաղաքացին կարող է դիմել արտահանման համար և արտահանել գույքն՝ առանց համապատասխան հարկեր ու տուրքեր վճարելու։

«Մենք ուսումնասիրել ենք նաև «Ֆայն քարս օֆ Արմինիա» ՍՊԸ-ի պաշտոնական կայքը և պարզել, որ ընկերությունն արդեն իսկ վաճառել է 124 ավտոմեքենա, ամենայն հավանականությամբ՝ նույն եղանակով»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ պատրաստվում են նաև նամակ հղել ԵԱՏՄ մաքսային հարցերով պատասխանատուներին՝ մանրամասն նկարագրելով Հայաստանում կատարվող «այս անօրինական երևույթը»:

ՍիվիլՆեթը դիմեց նաև «Ֆայն քարս օֆ Արմինիա» ՍՊԸ-ին, որտեղից հայտնեցին, որ հանցագործության մասին հաղորդմանը իրավապահները մերժել են ընթացք տալ՝ շեշտելով, որ ընկերությունը գործում է օրենքի շրջանակներում։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել