Գորիսի քաղաքապետն ձերբակալությունը ոչ իրավաչափ է. նա ազատ կարձակվի, վճռել է դատարանը

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է։ Նման որոշում այսօր կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը։ Այս մասին հաղորդել է Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը: Այսպիսով՝ Գորիսի քաղաքապետն ազատ կարձակվի։

Ավելի վաղ հայտնել էիք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

Առուշանյանը դեկտեմբերի 21-ին կոչ արեց սյունեցիներին փակել Սյունիք տանող ճանապարհն ու թույլ չտալ աշխատանքային այցով Հայաստանի հարավ մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դրանից ժամեր անց ոստիկանությունը նրան բերման ենթարկեց և ձերբակալեց։ Ի դեպ, Առուշանյանը մինչ այս միացել էր նաև մի քանի տասնյակ համայնքապետերին, որոնք պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։