ԵՄ-ն Հայաստանին հավելյալ 24 մլն եվրո է հատկացնում կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով

Դեկտեմբերի 23-ին Եվրոպական միությունը հայտնել է COVID-19 համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով Հայաստանին հավելյալ 24 միլիոն եվրոյի դրամաշնորհ հատկացնելու մասին։ Այդ մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ որոշումը կայացվել է ԵՄ-ի և ՀՀ կառավարության հետ ստորագրված «COVID-19 համավարակի դիմակայման պայմանագրի» շրջանակներում նախատեսված «Միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագրի» մշակման, ինչպես նաև մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսների կառավարման և պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ դրական գնահատականի արդյունքում:

«24 միլիոն եվրո կազմող այս նոր հատկացումը ԵՄ-ի կողմից Հայաստանին COVID-19 համավարակի դիմակայման նպատակով տրամադրվող 92 մլն եվրո աջակցության բաղկացուցիչ մաս է՝ միտված օգնելու Հայաստանին COVID-19 ճգնաժամի դեմ պայքարում և ամրապնդելու երկրի տնտեսական և ֆինանսական դիմակայունությունը», – ասված է հաղորդագրությունում։

Այսօր հայտարարված աջակցությունը տրամադրվում է ի լրումն նախորդ ամիս տրամադրված 35,6 միլիոն եվրոյի աջակցությանը: «Այն լրացուցիչ ֆիսկալ տարածք կբացի կառավարության առողջապահական և հակաճգնաժամային միջոցառումների իրականացման համար՝ ուղղված COVID-19 համավարակի հետևանքով տուժած խոցելի խմբերի և ձեռնարկությունների օժանդակությանը», – հայտնում են ԵՄ պատվիրակությունից։

«Եվրոպական միությունը և ԵՄ անդամ պետությունները վճռականորեն աջակցում են Հայաստանին COVID-19 համավարակի դեմ պայքարում՝ դրամաշնորհային օժանդակության միջոցով նպաստելով առողջապահության և սոցիալ-տնտեսական վերականգնմանն ու դիմակայունության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերին: Համավարակի դեմ պայքարը վստահաբար դեռ չի ավարտվել, բայց մենք կարող ենք այն հաղթահարել միայն միասնական լինելով»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

ԵՄ արձագանքը բխում է Team Europe մոտեցումից, որի նպատակն է փրկել կյանքեր՝ գործընկերներին ցուցաբերելով արագ և նպատակային աջակցություն՝ ուղղված այս համաճարակի դիմակայմանը: Այն համատեղում է ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական ֆինանսական կառույցների ռեսուրսները՝ աջակցելու գործընկեր երկրներին, ինչպես նաև արձագանքելու նրանց կարճաժամկետ կարիքներին և հասարակության ու տնտեսության վրա երկարաժամկետ կառուցվածքային ազդեցություններին։

Կարդացե՛ք նաև՝

Հայաստանը մոտ 429 միլիոն դոլար աջակցություն է ստացել կորոնավիրուսի դեմ պայքարի համար