Չավուշօղլուն և Լավրովը Սոչիում կքննարկեն Լեռնային Ղարաբաղում «բախումների վտանգի նվազեցումը»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։

Հանդիպմանը կքննարկվեն, այդ թվում, Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրները, ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նախատեսվում է մանրամասն քննարկել հարցերը, որոնք կապված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը կյանքի կոչելու հետ: Կշեշտադրվի հավանական ռազմական բախումների վտանգի նվազեցումը, երկրներին հումանիտար օգնության ցուցաբերումը։ Ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների և կրակի դադարեցման հսկողության ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի գործունեության հարցը»,- ասել է Զախարովան, մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Կարդացե՛ք նաև՝

Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական կենտրոնը խաղաղապահ գործողության հետ կապ չունի․ Զախարովա

Մեկնաբանել