ԱԱԾ-ն հորդորում է ապօրինի փոխադրած զենք-զինամթերքը ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է Արցախի մարտերին մասնակցած և ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո «իրենց հետ Հայաստանի տարածք ապօրինի փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերն ինքնակամ հանձնել  իրավապահ մարմիններին»։ Ըստ ԱԱԾ-ի՝ դա օրենքով սահմանված կարգով հիմք կհանդիսանա անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար։

Նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել և քննվել է պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններով պայմանավորված ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, փոխադրելու կամ կրելու մեկ տասնյակից ավել հարուցված քրեական գործեր և նախապատրաստված նյութեր։

Դրանցով հայտնաբերվել և առգրավվել են 4 գնդացիրներ, օպտիկական սարքերով համալրված  հակատանկային նռնականետեր, 12 «ԱԿ74», «ԱԿՄ», «ԱԿ-ՍՈւ» և այլ տեսակի ինքնաձիգներ, նշանակետի խոցման բարձր հավանականություն ունեցող 14 օպտիկական սարքերով հրազեններ, 9 արկղ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 2168 հատ 7.62, 9.18 և 5.45 մմ  տրամաչափի փամփուշտներ, մարտավարական և տեխնիկական հատկանիշներով զգալի ավերածություններ առաջացնող, խոցման բարձր հավանականություն ունեցող 27 պայթուցիչներ, 4 նռնակի պայթուցիչ, 13 մեխանիկական պայթուցիչներ,  վառոդաթելեր,  14 «ՌԳԴ», «Ֆ-1»։ 

Առգրավվել են նաև այլ տեսակի նռնակներ, հակատանկային նռնակի իրաններ, տրոտիլային խորանարդիկներ, էլեկտրական դետոնացման սարքեր, տրոտիլի ապահովիչներ, հրթիռային կայանների համար նախատեսված, ինչպես նաև ազդանշանային փամփուշտներ, ատրճանակներ, սվին դանակներ, հրազենների համար նախատեսված մաս-մեխանիզմներ և շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ իրեր ու առարկաներ:

ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ վերոհիշյալ քրեական գործերով քրեական հետապնդումներ են հարուցվել ընդհանուր թվով 18 անձանց նկատմամբ, 16 անձ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են, որոնցից 9-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործերի նախաքննությամբ պարզվել է, որ զենքերը, ռազմամթերքը պայթուցիկ նյութերը կամ սարքերը ձեռք են բերվել Արցախի պաշտպանական տարբեր շրջաններից և նախատեսված են եղել կամ օգտագործվել են ռազմական գործողություններում: Մեղադրվող անձինք զենք-զինամթերքը թաքցնելով հիմնականում Արցախից մեկնող ավտոմեքենաներում ապօրինի կերպով տեղափոխել կամ փորձ են արել տեղափոխել Հայաստանի Հանրապետություն` առանձին դեպքերում խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ:

Ծառայությունը հայտնում է, որ շարունակում է մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխած հնարավոր այլ զենքերն ու զինամթերքները  հայտնաբերելու աշխատանքը։

 «Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է մարտերին մասնակցած և ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի  փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերն ինքնակամ հանձնել  իրավապահ մարմիններին, որպիսի գործողությունները օրենքով սահմանված կարգով հիմք կհանդիսանան անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար»,- ասված է հաղորդագրությունում։