Google-ի զուտ շահույթն աճել է 60%-ով

Ներդրողներին ոգևորելու նպատակով կորպորացիայի գործադիր տնօրեն Լարի Փեյջը ներկայացրել է նաև ընկերության բաժնետերերի համար նախատեսված նոր արժեթղթերի թողարկման ծրագիրը։ Այն, ըստ ամենայնի, կյանքի կկոչվի արդեն այս ամռանը։

Ընդհանուր առմամբ, Google-ի ֆինանսական ցուցանիշները համընկել են շուկայի կանխատեսումներին։ Զուտ շահույթը կազմել է $2,89 մլրդ՝ $10,65 մլրդ հասույթի դեպքում (24% աճ)։ Հաշվետու ժամանակահատվածում ընկերության գործառնական շահույթը կազմել է $3,39 մլրդ կամ հասույթի 32%-ը։ Համեմատության համար նշենք, որ 2011թ. միևնույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է $2,3 մլրդ կամ հասույթի 27%-ը։

Google-ին պատկանող կայքերի հասույթը կազմել է $7,31 մլրդ (կազմում է ընդհանուր հասույթի 69%-ը), գործընկեր կայքերինը՝ $2,91 մլրդ (ընդհանուր հասույթի 27%-ը)։ ԱՄՆ-ի սահմաններից դուրս ընկերության հասույթը կազմել է $5,77 մլրդ։ 

Google-ի կայքերում վճարովի քլիքների և ընկերության գովազդային ցանցի անդամների ընդհանուր թիվը տարեկան կտրվածքով աճել է 39%-ով։ Քլիքի միջին արժեքը նվազել է 12%-ով։

Ինչ վերաբերում է նոր բաժնետոմսերին, ապա դրանք ցուցակվելու են  NASDAQ բորսայում։ Բաժնետոմսերը կբաժանվեն բոլոր բաժնետերերին։ Այդպիսով նրանցից յուրաքանչյուրը կստանա երկու անգամ շատ բաժնետոմս։ Չքվեարկող այս նոր արժեթղթերը նախատեսված են կորպորատիվ օգտագործման համար։