Դեկտեմբերի 29-ի երեկոյան ՀՀԿ կենտրոնակայանում տեղի է ունեցել կուսակցության գործադիր մարմնի նիստը՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ. այս մասին ասվում է ՀՀԿ գործադիր մարմինի տարածած հաղորդագրությունում:
Ըստ հաղորդագրության՝ քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանին և Արցախին սպառնացող նոր մարտահրավերների և շարունակաբար սեղմվող աշխարհաքաղաքական միջավայրի համատեքստում։
«Ընգծվել է, որ գործող վարչախմբի հետ որևէ քաղաքական քննարկումների ՀՀԿ մասնակցությունը բացառվում է։
Վերահաստատվել է, որ պետության անկյունաքարային քայլը գործող կառավարության անհապաղ հեռացումն է:
Մտքերի փոխանակման արդյունքում կուսակցության հետագա անելիքների մասին որոշումները ինչպես առանձին, այնպես էլ «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակներում կկայացվեն հաջորդ տարվա սկզբին»:
Նիստի ընթացքում ընդգծվել է նաև կուսակցության միջազգային գործընկերներին ռազմագերիների, պատանդների և զոհվածների աճյունների փոխանակման հարցերով բոլոր հնարավոր միջոցներով մշտական ներգրավման անհրաժեշտությունը: